Ուկրաինայի պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է իր տեղակալներին
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը որոշել է պաշտոնանկ անել իր երեք տեղակալներին և պետքարտուղարին: Դա կապված է ռազմական դրության պայմաններում գերատեսչությունում գործընթացների հստակություն և վերահսկելիություն ապահովելու անհրաժեշտությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության Telegram ալիքում։
«Ես ստորագրել եմ Ուկրաինայի նախարարների կաբինետին ներկայացված դիմումը պաշտպանության փոխնախարարների` Ստանիսլավ Հայդերի (տեղափոխվում է նախարարի գրասենյակի ղեկավարի պաշտոնին), Ալեքսանդր Սերհիյի, Յուրի Ջիհիրի, Լյուդմիլա Դարահանի (պետքարտուղար) պաշտոնանկության վերաբերյալ: Նոր նշանակումների մասին, այդ թվում՝ փոխնախարարների, կտեղեկացնեմ առանձին», – ասվում է հրապարակման մեջ։
Ումերովի խոսքով՝ բոլոր գործընթացները գերատեսչության ներսում պետք է լինեն «հստակ և վերահսկելի», իսկ դրանց վրա ազդելու ցանկացած արտաքին կամ ներքին փորձ անթույլատրելի է:
Բացի այդ, Ումերովն ասել է, որ խնդիր է դրել իրավապահների և հակակոռուպցիոն մարմինների հետ միասին ավարտին հասցնել գնումների համակարգի մաքրման գործընթացը։
Սեպտեմբերի 20-ին Ումերովն աշխատանքից ազատել էր Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի երկու տեղակալներին։ Ինչպես գրել են ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրների, այս որոշումն ընդունել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակում՝ Բուդանովին թուլացնելու նպատակով։