
Ի վերջո, համաներման ի՞նչ որոշումներ են կայացվել. իրավասու պետական մարմինները լռում են

Այն, որ իրավասու պետական մարմիններից հիմնականում զգայուն թեմաներով անգամ գրավոր հարցումներին առարկայական պատասխան ստանալը լուրջ խնդիր է, թերևս արդեն որևէ մեկի չի զարմացնում։
Նման մի հարցում 168.am-ն օրեր առաջ ուղարկել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե, և, ամենավերջում` ՀՀ դատական դեպարտամենտ։
Ցանկացել էինք պարզել, թե 2018թ. նոյեմբերի 1-ից մինչ օրս «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի շրջանակներում
համաներում կիրառելու մասին ինչպիսի՞ որոշումներ են կայացրել:
168.am-ը մասնավորապես հետաքրքրվել էր.
1. Ո՞ր հոդվածներով դատապարտված և որքա՞ն անձ է պատժի կրումից ազատվել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ից – 4-րդ մասերի ուժով (ըստ տարիների):
2. Քանի՞ քրեական գործի հարուցում է մերժվել, և քանի՞ հարուցված քրեական գործ է կարճվել Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով:
Խնդրել էինք նշել ըստ տարեթվերի` թվարկելով հոդվածները:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, որը, թերևս, միակ կառույցն էր, որ ինչ-որ բովանդակային պատասխան էր տվել մեզ, մեր հարցմանն ի պատասխան նշել էր, որ համաներման ակտի ընդունման հիմքով 3 անձանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումներ, որոնցից՝ 2022 թվականին 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած), 2023 թվականին 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած), 1 անձի նկատմամբ էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած):
Ինչ վերաբերում է դատապարտված և պատժի կրումից ազատված անձանց, ինչպես նաև քրեական գործի հարուցումը մերժելու դեպքերին, ապա Հակակոռուպցիոն կոմիտեն նշել էր, որ այդպիսի վիճակագրություն չի վարվում:
ՀՀ քննչական կոմիտեից ստացված պատասխանում ասվում էր, որ հարցված տեղեկատվության մասով Կոմիտեն վիճակագրություն չի վարում, և տեղեկատվությունը ստանալու համար խնդրում է դիմել ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն և ՀՀ դատական դեպարտամենտ:
Հատկանշական է, որ մեր հարցմանը գրեթե նույնաբովանդակ պատասխանն էր ստացվել նաև ՀՀ գլխավոր դատախազությունից, որում մասնավորապես ասվում էր.
«Միաժամանակ հայտնում եմ, որ հայցվող տեղեկատվությունը` դատարաններին վերաբերելի մասով, ստանալու հարցով կարող եք դիմել ՀՀ դատական դեպարտամենտ»:
168.am-ը չանտեսեց իրավապահ կառույցների հորդորը ու դիմեց ՀՀ դատական դեպարտամենտ` տալով նույն հարցերը։
Դեպարտամենտից ստացանք պատասխան այն մասին, որ ՀՀ դատարանների գործունեության վերաբերյալ դատական վիճակագրությունը Դեպարտամենտը հրապարակում է կիսամյակային և տարեկան պարբերականությամբ դատական իշխանության կայքէջում, իսկ հարցման վերաբերյալ դատական վիճակագրություն կամ այլ հաշվառում Դատական դեպարտամնետի կողմից չի վարվում:
Իրականությունն այն է, սակայն, որ, փաստորեն, դիմելով 4 կառույցի, մենք այդպես էլ մեր հարցերի պատասխանները չստացանք։ Իսկ դրանք կարևոր էին որոշ իրողությունների վրա լույս սփռելու համատեքստում։