Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի կենտրոնին
Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Կոլայի շրջանին՝ 2006 թվականից ի վեր առաջին անգամ հարվածելով Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածին։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորման՝ հարձակման հետևանքով զոհվել են իր երեք առաջնորդները։
Հարվածը հասցվել է Կոլայի շրջանում գտնվող բնակելի շենքի վերին հարկին։ Նախքան այս հարձակումն Իսրայելը հարվածներ էր հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, բայց ոչ՝ քաղաքի կենտրոնին։
Լիբանանի հարավից տեղահանված բազմաթիվ սիրիացիներ, ըստ հրապարակման, օրեր շարունակ գիշերում են այս շրջանի մերձակայքում գտնվող կամուրջներից մեկի տակ։ Իր հերթին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Տյուրոս քաղաքում իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է Լիբանանում խմբավորման ղեկավար Ֆաթեհ Շերիֆ Աբու էլ Ամինը։ Նրա հետ միասին զոհվել են նրա կինը, որդին և դուստրը։
Ըստ Լիբանանի իշխանությունների՝ սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածներից առնվազն 105 մարդ է զոհվել։ Իսկ ընդհանուր առմամբ, վերջին օրերին զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է։ Ըստ Լիբանանի կառավարության՝ տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։
Սեպտեմբերի 29-ին Իսրայելը նաև հեռահար հարված է հասցրել Եմենի հութիների օբյեկտներին, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 29