Բաժիններ՝

Կրեմլում Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխություններն անվանել են ազդանշան ոչ բարեկամական երկրների համար

Ռուսաստանի միջուկային դոկտրինում փոփոխությունները, որոնց մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, միանշանակ ազդանշան են ոչ բարեկամական երկրների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա պետք է դիտարկել որպես որոշակի ազդանշան», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Պեսկովին նաև խնդրել են ձևակերպել, թե ինչ ազդանշան է ուղարկում Ռուսաստանը ոչ բարեկամական երկրներին։

«Սա ազդանշան է, որը զգուշացնում է այդ երկրներին հետևանքների մասին, եթե նրանք մասնակցեն մեր երկրի վրա հարձակմանը տարբեր միջոցներով, ընդ որում՝ ոչ անպայման միջուկային», – պատասխանել է Պեսկովը։

Նա նշել է, որ թեև հայտարարված փոփոխությունները դեռ չեն փոխել իրավիճակը աշխարհում, սակայն բոլորը քաջատեղյակ են Ռուսաստանի միջուկային ներուժից։ 

«Ոչ, այն դեռ չի սկսել ազդել։ Իրականում ողջ աշխարհը քաջատեղյակ է, և խելամիտ մարդիկ քաջատեղյակ են մեր միջուկային ներուժից և դրա զսպող դերից։ Իհարկե, միջուկային զսպումը ճշգրտվում է՝ հաշվի առնելով այն լարվածության տարրերը, որոնք զարգանում են մեր սահմանների պարագծով», – ասել է Պեսկովը։

Նա չի պատասխանել այն հարցին, թե երբ կհրապարակվեն միջուկային դոկտրինում կատարված փոփոխությունները։

Պեսկովը վստահություն է հայտնել, որ ոչ միայն այս անգամ, այլև նախկինում խելամիտ արևմտյան քաղաքական գործիչները հասկացել և հասկանում են ՌԴ նախագահի հայտարարությունների լրջությունը։ 

«Հատկապես, երբ խոսքը գնում է նման աննախադեպ առճակատման մասին, որը հրահրվել է Ուկրաինայի շուրջ հակամարտությունում արևմտյան երկրների, այդ թվում՝ միջուկային տերությունների անմիջական ներգրավմամբ», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երկրի միջուկային դոկտրինի մի շարք դրույթների թարմացման մասին։ Թարմացված փաստաթղթում ՌԴ նախագահն առաջարկել է նշել, որ ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային պետության մասնակցությամբ, պետք է դիտարկել որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս