Բաժիններ՝

Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցրել Լիբանանին, ԱՄՆ-ն զսպվածության կոչ է արել

Իսրայելական ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին՝ էլ ավելի սրելով Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը։ ԱՄՆ-ն զսպվածության կոչ է արել։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր ռազմական ինքնաթիռները երկու ժամ շարունակ հարվածել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արձակման կայանքների, որոնք պատրաստվում էին հարված հասցնել Իսրայելի ուղղությամբ։

Ըստ լիբանանյան NNA պետական լրատվական գործակալության՝ Իսրայելի կողմից շուրջ 52 հարձակում է տեղի ունեցել։ Սա եղել է ամենաինտենսիվ օդային հարձակումը 2023 թ. հոկտեմբերին կողմերի միջև փոխադարձ գնդակոծությունների մեկնարկից ի վեր։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ խոցել է շուրջ 100 հրթիռային կայանք, ինչպես նաև Լիբանանի հարավում գտնվող այլ թիրախներ։ ԻՊԲ-ն նաև խոստացել է շարունակել «Հեզբոլլահ»-ի դեմ հարձակումները։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկիրը կշարունակի ռազմական գործողությունները «Հեզբոլլահ»-ի դեմ՝ նշելով, որ պատերազմի այս նոր փուլում իրենց նպատակն է ապահովել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների ապահով վերադարձն իրենց տներ։ Իսրայելական հարձակմանը նախորդել էին սեպտեմբերի 17-ին և սեպտեմբերի 18-ին հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյունները, որոնք, ընդհանուր առմամբ, 37 զոհի և շուրջ 3500 վիրավորի պատճառ էին դարձել։ 

«Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահը սեպտեմբերի 19-ի երեկոյան հեռուստաուղերձում հայտարարել է, որ սարքերի պայթյունները «հատել են բոլոր կարմիր գծերը»։ Նրա խոսքով՝ այս հարձակումները «կարելի է համարել պատերազմի հանցագործություններ կամ պատերազմի հայտարարում»։

Իսրայելը ուղղակիորեն չի անդրադարձել Լիբանանում սարքերի պայթյուններին, սակայն ըստ տարբեր հրատարակությունների աղբյուրների՝ դրանց հետևում կանգնած է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին պետք է նիստ անցկացնի պայթյունների շուրջ։ Փարիզում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զսպվածության կոչ է արել՝ հավելելով, որ չի ցանկանում, որ լարվածության տանող գործողություններն ավելի բարդացնեն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու ջանքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս