Արցախի ղեկավարներին վերագրվող հանցանքները չունեն իրական ապացույցներ. Նրանք էթնիկ հայ քաղբանտարկյալներ են. Սիրանուշ Սահակյան

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ Ադրբեջանը ներկայացնում է իր նարատիվները, բայց խնդիրն այն է, թե որքանով առաջադրված մեղադրանքները, դրանց որակումները կկիսի միջազգային հանրությունը։

«Ադրբեջանը նույն քրեաիրավական գործիքակազմի օգտագործմամբ դատում է սեփական ընդդիմադիրներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին։ Բայց միջազգային հանրությունը ոչ թե անվանում է, որ մենք գործ ունենք դատական ակտերի հիման վրա պատիժ կրող անձանց հետ, այլ նշում է, որ գործ ունենք քաղաքական բանտարկյալների հետ, և աշխատանք է տանում նրանց ազատ արձակման ուղղությամբ»,- «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» կոնֆերանսի ժամանակ նշեց Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ եթե գերիների և ռազմագերիների ազատ արձակման հիմնավորումները նրանք են, որ կոնֆլիկտն ավարտվել է, նրանք որևէ հանցագործություն չեն կատարել, ուստի ենթակա են անհապաղ հայրենադարձման, և դրա չկատարումը պատերազմական հանցագործություն է, ապա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պարագայում այլ է։

«Մեր խնդիրն է՝ ցույց տալ, որ նրանց վերագրվող արարքները չունեն փաստական հիմք, չկան իրական ապացույցներ, որակումներ, և այս կեղծ գործընթացները միտված են նրանց պատժելու։ Այսինքն՝ նրանք ունեն նպատակներ վրեժխնդիր լինելու Արցախի անկախության համար տարված աշխատանքների, տեսակետների և այլ բնութագրիչների համար։

Կարդացեք նաև

Վերջնարդյունքում բոլոր ներգրավված ատյանները պետք է պատասխան տան նաև հենց այս հարցադրումներին։ Հիմա կա ընթացող գործընթաց ՄԱԿ-ի կամայական ազատությունից զրկելու աշխատանքային խմբում։ Այս խումբը պետք է գնահատական ձևավորի՝ արդյո՞ք ներկայացված մեղադրանքները բավարար են, որպեսզի մենք խոսենք առերևույթ արարքների մասին։ Կարծում եմ՝ անալոգիա տանել հենց Ադրբեջանի քաբանտարկյալների հետ՝ շատ կարևոր է, և եթե ինտենսիվացվի միջազգային ճնշումը, որպեսզի ազատեն բոլորին, այդ թվում՝ հայերին, մենք այստեղ կարող ենք ներգրավել այն լրացուցիչ միջազգային ռեսուրսը, որի նպատակակետը նաև Ադրբեջանում պահվող մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումն է։ Կարծում եմ՝ աշխատանքի կազմակերպման տեսանկյունից կարևոր է, որ արձանագրենք՝ գործ ունենք քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի հետ։ Այս դեպքում մենք ունենք ՀՀ քաղաքացի կամ էթնիկ քաղբանտարկյալներ»,- շեշտեց Սիրանուշ Սահակյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս