Բաժիններ՝

Իրանը պատրաստ է ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները վերսկսել պատշաճ պայմաններում․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ համապատասխան պայմանների ստեղծման դեպքում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Անհրաժեշտ է պատշաճ հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար, իսկ հետո մենք կսկսենք բանակցությունները, որոնք կհիմնվեն այն նույն բանաձևի վրա, որն օգտագործվել է ԳՀՀԾ-ում», – ասել է նախարարը պետական ​​հեռուստաալիքի եթերում:

«ԳՀՀԾ-ն հիմնված էր այն տրամաբանության վրա, որի համաձայն Իրանը կամրապնդի վստահությունն իր խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ, իսկ մյուս կողմը կվերացնի պատժամիջոցները: Մենք կարող ենք վերադառնալ այդ բանաձևին», – պարզաբանել է նա։

Արաղչին կարծում է, որ ԳՀՀԾ-ն նախկինի պես համապատասխան հիմք է, որը կարող է տանել դեպի նոր համաձայնագիր։

«Այդ ամենը կախված է նրանից, թե արդյոք մենք փոխըմբռնման կհասնենք եվրոպացիների և ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցների հետ, որպեսզի կարողանանք բանակցությունները վերսկսել հավասար դիրքերից», – հավելել է նա։Արաղչին նշել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ն «հիմա պատրաստ չէ բանակցությունների», քանի որ քիչ ժամանակ է մնացել մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։

«Եթե անհրաժեշտ լինի, մենք եվրոպացիների հետ կսկսենք շփումները և չենք սպասի Ամերիկային», – հայտարարել է նա։

2015 թվականին Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները և Գերմանիան, կնքեցին ԳՀՀԾ-ն, ըստ որի Թեհրանը պետք է իր միջուկային ծրագրի զարգացումն իրականացնի բացառապես խաղաղ նպատակներով՝ միջազգային և միակողմանի պատժամիջոցները հանելու դիմաց։ 

ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս բերեց ԱՄՆ-ն ԳՀՀԾ-ից և վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները, ինչը Թեհրանին ստիպեց աստիճանաբար հրաժարվել գործարքի մի քանի պայմանների կատարումից: Թրամփին փոխարինած Ջո Բայդենը հայտարարել է համաձայնագրին որոշակի պայմաններով վերադառնալու պատրաստակամության մասին։ Իրանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը Վիեննայում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել ԳՀՀԾ-ի վերականգնման նպատակով, սակայն դրանք դադարեցվել են առանց կոնկրետ արդյունքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս