ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը լինելու է ոչ թե կյանքի, այլ մահվան հաղթանակ․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը շատ բազմիմաստ է պատասխանել հարցին, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ում օգտին է խորհուրդ տալիս քվեարկել ամերիկացիներին:
Ֆրանցիսկոս Առաջինն ասել է, որ «երկուսն էլ դեմ են կյանքին»: Նա ասել է, որ թեկնածուներից մեկը սպառնում է վտարել միգրանտներին՝ նրանց չտալով երկրում ապրելու ու զարգանալու հնարավորություն, իսկ մյուս թեկնածուն դեմ է աբորտների արգելքին: Պապը նշել է, որ գիտական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխայի օրգանիզմը ձևավորվում է արդեն սաղմնավորումից մեկ ամիս անց:
Պապի գնահատականն ինչո՞վ է ուշագրավ: Նրան հարցնում են՝ ամերիկացիներին խորհուրդ կտա քվեարկել ո՞ր թեկնածուի օգտին: Պապը բնականաբար կարող է ասել, որ դա իր գործը չէ, այլ ամերիկացիներին, ու ամերիկացի ընտրողն էլ պետք է կողմնորոշվի:
Բայց, նա տալիս է այլ պատասխան, ընդ որում բազմիմաստ և փիլիսոփայական պատասխան՝ «երկուսն էլ դեմ են կյանքին»: Ըստ էության, սա նույնիսկ ինչ որ իմաստով չարագուշակ պատասխան է, որ թե Տրամպի, թե Հարիսի հաղթանակի դեպքում, ի դեմս ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքի՝ լինելու է ոչ թե կյանքի, այլ մահվան հաղթանակ:
Չեմ կարծում, որ Ֆրանցիսկոս պապը հենց այնպես շռայլում է խոսքեր, ձևակերպումներ, բնորոշումներ: Նա թերևս շատ լավ է պատկերացնում իր պատասխանի բազմիմաստության հանգամանքը: Եվ տալիս է այդ պատասխանը, ըստ էության ԱՄՆ նախագահի ընտրության առնչությամբ ինչ որ սպասման տողատակային ակնարկով:
Կասկածից վեր է, որ Պապին հայտնի է, եթե չասենք քաղաքական խոհանոցի բոլոր պահարանների, ապա առնվազն մի զգալի մասի պարունակությունը, և նա այս կամ այն հարցի վերաբերյալ իր բնորոշումները և ձևակերպումները բնականաբար սահմանում է ըստ իրազեկության իր աստիճանի:
Կրկնեմ, համոզված եմ, որ ձևակերպումը՝ «երկուսն էլ դեմ են կյանքին», բոլորովին պատահական չէ: Ավելին, ըստ իս, հետագա պարզաբանումը, թե ինչո՞ւ է համարում այդպես, ունի թերևս ավելի շուտ պարզապես մեդիաիլյուստրացիայի նշանակություն, և առանցքը հետևյալն է՝ «երկուսն էլ դեմ են կյանքին»»: