Չի կարելի նման անպատասխանատու կերպով վերաբերվել փաստաթղթերից մեջբերումներին. Զախարովան՝ Փաշինյանի նախօրեի ելույթի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում նա հղում էր արել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությանը։

Փաշինյանը մեջբերել էր եռակողմ հայտարարության մի հատված, բայց ոչ ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»

Զախարովան նշել է, որ չի լսել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեղյալ հայտարարելու Երևանի ցանկության մասին ո՛չ դիվանագիտական խողովակներով, ո՛չ էլ հրապարակավ, մինչդեռ ինչպես գոյություն ունեցող փաստաթղթերը, այնպես էլ դրանց առանձին կետերը շահարկելու բազմաթիվ փորձեր են եղել։

«Կարծում եմ` չի կարելի անպատասխանատու կեպով վերաբերվել փաստաթղթերի մեջբերմանը»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով` չի կարելի չտեսնել ստորագրված փաստաթղթերի էությունը և գործել կոնյուկտուրային նկատառումներով` մոռանալով այն բարձր գինը, որ վճարել են նախորդ սերունդները։

Դիվանագետը կոչ է արել հարգանքով վերաբերել այն անձանց ջանքերին, որոնք համապատասխան փաստաթղթերի դրույթները մշակել են հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության։

«Պատասխանատու քաղաքական գործիչները չպետք է անպատասխանատու վերաբերվեն այն փաստաթղթերին, որոնք մշակվել են պատմական բարդ գործընթացի արդյունքում»,- հայտարարել է Զախարովան։

Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ, ցավոք, Սյունիքի տարածքով հաղորդակցվելու հարցում հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում այն պայմանավորվածությունը, որի տակ դրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը:

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրին, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում:

Գերատեսչությունից նշեցին, որ Երևանը հեռացել է նախկինում համաձայնեցված դիրքերից, սկսել է պնդել ՌԴ սահմանապահների ներկայության հարցում փոխադարձության սկզբունքը` պահանջելով, որ նրանք գտնվեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմում։ Հակառակ եռակողմ հայտարարության 9-րդ կետի` Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են համաձայնեցնել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը։

Տեսանյութեր

Լրահոս