Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել. ԼՂ պաշտոնյա չպետք է լինի. Ալեն Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լիագումար նիստերի ժամանակ հայտարարեց, որ Արցախի ու Հայաստանի միջև միջխորհրդարանական հանձնաժողով կա, որը որպես իրավական ակտ՝ գոյություն ունի։ Այնուհետև դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց, որ այդ հանձնաժողովի նախագահը՝ Հայաստանի կողմից, ինքն է, հետևաբար՝ նպատակ կա՞ առաջիկայում այնպես անել, որ այդ հանձնաժողովը նիստ գումարի։
«Բազմաթիվ հարցեր կան, որոնք կկարողանանք քննարկման առարկա դարձնել, պարտադիր չէ դա լինի հրապարակային, բաց, թեկուզ աշխատանքային կարգով»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Ալեն Սիմոնյանը պատասխանելով պատագամավորին, ասաց՝ կարծում է, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ։
«Երկրորդ կողմը չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Կարծում եմ՝ մենք լրջորեն պետք է քննարկենք այդ ֆորմատն այլևս չեղարկելու հարցը, որովհետև ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիճակում ՀՀ-ում այլևս որևէ մեկը չկա։ Եվ ես չգիտեմ, թե դա ես ում հետ պետք է քննարկեմ, նկատի ունեմ՝ հավանական նիստի պարագայում, որպես իրավաբան՝ համարում եմ, որ այդ ֆորմատն այլևս գոյություն չունի»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Արձագանքելով՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ եթե շարժվում են օրենքներով ու Սահմանադրությամբ, «Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտություններն առկա են ոչ միայն ՀՀ օրենքներում, այլև միջազգային պայմանագրերում, և փաստաթղթի առկայությունը անձը չէ, որ որոշում է վերացնել կամ չվերացնել, ինստիտուտներ կան։ Այս հասկացության տակ, Արցախի ԱԺ-ն, որն ընտրվել է Արցախի ժողովրդի կողմից, իրավունք չունենք չեղարկել, այլ պարտավոր եք առաջնորդվել օրենքով։ Քանի դեռ այդ ակտերը կան, ձեր պարտականությունն ու պարտավորությունն է՝ դրանով առաջնորդվելու, մնացածը հրաժարումն է այդ պարտականությունները կատարելուց։ Եթե հրաժարվում եք դա անելուց, ասեք, մենք էլ համապատասխան իրավական ընթացք կտանք»,- շեշտեց պատգամավորը։
Ալեն Սիմոնյանը հակադարձեց, թե համապատասխան իրավական ընթացք տալու համար համապատասխան հիմնավորումներ են պետք՝ այդ հիմնավորումները չկան։
«Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է, իրենց պաշտոնյաների որոշմամբ և իրավահարաբերությունները հնարավոր են, եթե կա երկու կողմ։ Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել, կարող եմ ՀՀ որոշ քաղաքացիների համար ընդունելություն կազմակերպել ու հարմար օր հանդիպել»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



