
325 միլիոն 908.679 դրամ․ հերթական պայմանագիրը «Դվին հյուրանոցային համալիրի» հետ, ԱԺ-ն նախապատրաստվում է երիտասարդ խորհրդարանականների համաժողովին

Ազգային ժողովը ոչ մրցակցային՝ մեկ անձից գնման եղանակով հերթական պայմանագիրն է կնքել։ Այս անգամ մատակարար կողմը «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն է, որը, ըստ պայմանագրի, մատուցելու է ներկայացուցչական ծառայություններ։ Սեպտեմբերի 5-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի և հյուրանոցային համալիրի տնօրեն Սյուզաննա Թովմասյանի միջև կնքված պայմանագրի գինը կազմել է 325 միլիոն 908.679 դրամ։
Մատնանշված գումարի շրջանակում ՓԲԸ-ն ներկայացուցչական ծառայություններ է մատուցելու սեպտեմբերի 12-14-ը Երևանում կայանալիք Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի կազմակերպման շրջանակներում։
Հիշեցնենք. «Դվին հյուրանոցային համալիրն» Արտակ Թովմասյանինն է։ Ընկերությունը, ըստ պետգնումենրի էլեկտրոնային համակարգի, մասնակցում է մատակարարման մրցույթների 2022 թվականից, բայց «Դվինի» համար առավել քան բարեբեր է եղել 2024 թվականը, քանի որ հարյուր-միլիոնավոր դրամների 6 պայմանագիր է կնքել մեկ անձ գնման գործընթացով (առհասարակ, 2022 թվականից սկսած՝ այս ընկերությունից ձեռք բերված բոլոր ծառայություններն են եղել մեկ անձ գնման ընթացակարգով):
Պատվիրատու պետական գերատեսչություններն են Արտաքին գործերի, Պաշտպանության, Ֆինանսների նախարարությունները, ինչպես նաև՝ Ազգային ժողովը։