
«Վարդաշեն» ՔԿՀ այցելած վարսավիրի մոտից ծառայողները հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ըստ սահմանված կարգի՝ ազատազրկված անձանց ծառայություններ մատուցելու նպատակով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ պետք է այցելի վարսավիր, և նրա միջոցով փորձ է արվելու բջջային հեռախոս անցկացնել հիմնարկ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ աշխատակիցները խուզարկության են ենթարկել սեպտեմբերի 3-ին հիմնարկ այցելած վարսավիրին:
Խուզարկության արդյունքում նրա աճուկային հատվածում թաքցրած բջջային հեռախոս են հայտնաբերել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։