Վաղը Բակո Սահակյանի ծննդյան օրն է. ներողություն եմ խնդրում, որ ինքը մինչև հիմա Բաքվում է. Աշոտյան
«Որքանով որ հասցնում եմ հետևել քաղաքական դաշտին, ցավոք սրտի, ընդդիմության ներսում որոշ շրջանակներ եմ տեսնում, որ կարծես թե ծանր հիվանդ Հայաստանի մոտ ավելի շատ սգո պահակ են ուզում լինել, քան ռեաբիլիտացիոն բժշկական բրիգադ:
Ընդիմմության ներսում պետք է ռեանիմացիոն բրիգադ, ոչ թե սգո պահակներ»,-168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ իր գործով դատական նիստից հետո ասաց քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ընդդիմության հետագա անելիքներին:
Հարցին՝ինչի հետ է կապում իշխանությունների քարոզչական արշավը, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ ակնհայտ է, որ մանիպուլյացիոն փրփուր է, իսկ պատմությանը հայտնի է, որ փրփուրից մի անգամ է լավ բան ծնվել:
«Դա էլ եղել է Հին Հունաստանում, Վեներան է ծնվել: Դրանից հետո փրփուրից միայն դատարկ շշեր ու ցելոֆանե պակետներ են գալիս, ինչի մեջ թաղված է այսօրվա Հայաստանը»,-ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը նաև հիշեց՝ վաղը Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան տարեդարձն է:
«Որպես հայ՝ ներողություն եմ խնդրում իրենից, որ մինչև հիմա նստած է: Քաղբանտարկյալներն իշխանության վրա են խարան, իսկ Բաքվի բանտերում նստած մերոնք խարան են Հայաստանի Հանրապետության պետության վրա: Ես ամաչում եմ, որ մեր պետությունն այսօր չի պայքարում ռազմագերիների և Արցախի ղեկավարության վերադարձի համար»,-ասաց նա:
Իր ողջ խոսքի ընթացքում ոստիկանության ուղեկցող գումարտակի ոստիկանները հրելով փորձում էին դուրս բերել Արմեն Աշոտյանին:
Հարցին՝ ինչու են այդպես վարվում, Աշոտյանը պատասխանեց՝ պարապում են վրաս:
Մանրամասները՝ տեսանյութում: