Զախարովան՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ու Իրանի կոշտ դիրքորոշման մասին

«Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով այնպես, որ կբավարարեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայիշահերը»,-այսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցման գաղափարը և այդ հարցում Իրանի դիրքորոշումը։

Ըստ Զախարովայի՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին խոսելիս Ադրբեջանի և Իրանի հետ շփումների հիմնական աշխատանքն իրականացվում է  այսպես կոչված արևմտյան ուղղությամբ՝ Ռուսաստանից Կասպից ծովի երկայնքով ադրբեջանական տարածքով և հետագայում դեպի Իրան։

«Երթուղին, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, մի շարք այլ երթուղիների հետ միասին, քննարկվում է Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը։ Այս եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքներն իրականացվում են ըստ ամենաբարձր մակարդակով՝ ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։

Մենք տեսել ենք Իրանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք մտահոգություն են հայտնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ և, համապատասխանաբար, բացատրում են այս մոտեցման, այդ վերաբերմունքի պատճառները։ Ինձ թվում է, որ դուք պետք է ուղիղ կապ հաստատեք Թեհրանի հետ»,- եզրափակել է Զախարովան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս