Դեռևս սանկցիայի տակ գտնվող ՍԴ դատավոր, չծանուցված պաշտպան, բացարկի ենթակա դատավոր, պաշտպանական ճառ. Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

Նախորդ դատական նիստի ընթացքում Տաթևիկ Գրիգորյանն Արամ Օրբելյանին առաջարկեց հանդես գալ պաշտոնական ճառով։ Վերջինս ասաց, որ պատշաճ ծանուցված չի եղել, որ ինքն այսօր պետք է հանդես գա պաշտոնական ճառով։ Բացի դրանից, ինքը նախընթաց ժամանակահատվածում գտնվել է արձակուրդում։
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և ժամանակ տրամադրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար։
Նախորդ նիստին դատավոր Գրիգորյանը նաև հանդես եկավ ինքնապաշտպանական ճառով:

Այսօրվա դատական նիստին ներկա չէր Հրայր Թովմասյանը, ում սանկցիայի ժամկետը թերևս չի լրացել: Սակայն տարօրինակ էր, որ ներկա չէր նաև նախորդ նիստին կրկին որպես Հրայր Թովմասյանի պաշտպան ներգրավված Միհրան Պողոսյանը:

168.am-ի հարցին՝ ինչո՞ւ ինքը ներկա չէր դատական նիստին, Միհրան Պողոսյանն ասաց՝ ինքը քննչական բաժնում է, մասնակցում է քննչական գործողության:

Կարդացեք նաև

«Նախորդ հինգշաբթի օրը գնացել եմ դատական նիստին, ու կրկին ներգրավվել են որպես Հրայր Թովմասյանի պաշտպան: Դրանից հետո ես որևէ ծանուցում չեմ ստացել, որ նշանակված են պարբերական նիստեր: Տրամաբանորեն պատրաստվել եմ ներկա գտնվել վաղվա դատական նիստին: Ինձ որևէ մեկը որևէ ձևով չի ծանուցել, որ հինգշաբթի օրվա նիստը տեղափոխվել է այսօր՝ չորեքշաբթի օրը: Երևի շատ են շտապում ավարտել այս գործը, և նման «մանր-մունր» բաների ուշադրություն չեն դարձնում: Թերևս հրահանգ ունեն: Այդ պատճառով էլ ստեղծվել է այս իրավիճակը»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Դատական նիստի սկզբում Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը ցանկացավ հանդես գալ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությամբ, սակայն Տաթևիկ Գրիգորյանն առարկեց՝ ասելով, որ պաշտպանը դա կարող է անել միայն պաշտպանական ճառն ասելուց հետո: Արամ Օրբելյանն առարկեց՝ նշելով, որ ինքը չի կարող հանդես գալ ծավալուն պաշտպանական ճառով մի դատավորի առջև, ում ինքը բացարկման ենթակա է համարում:
Ինչևէ, Արամ Օրբելյանը սկսեց կարդալ իր 600 էջանոց պաշտպանական ճառը:

Իր խոսքում Արամ Օրբելյանը նշեց, որ Հրայր Թովմասյանին քրեական հետապնդման են ենթարկել՝ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության. Դատավորը առանց քննության է թողել իրենց այդ միջնորդությունը, ինչը նշանակում է, որ ի սկզբանե այս քրեական հետապնդումն ու դրա քննությունն ապօրինի են:

Արամ Օրբելյանի ելույթը ծավալուն էր, ուստի այն որոշակի հատվածից ընդհատվեց: Դատական նիստը փակվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ 10:00-ին:
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ֆինանսական խոշոր շահույթ ստանալու մեջ: Մեղադրանքի կողմի կարծիքով՝ Հրայր Թովմասյանը խոշոր չափի վնաս է պատճառել Կենտրոն նոտարական գրասենյակի նոտարներին:

Մանրամասները` տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս