#ՀԻՄԱ. ՍԴ ԴԱՏԱՎՈՐ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մասնակցությամբ, այսօր շարունակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Գործն ըստ էության քննվում է արդեն 4.5 տարի և արդեն իսկ թևակոխել է ավարտական փուլ։
Ընդհանուր առմամբ հանդարտ ընթացած դատավարությունը վերջին ժամանակներս բավականին լարված բնույթ է կրել։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դրսևորում է անհասկանալի վարքագիծ` մեկ պաշտպան Արամ Օրբելյանին տուգանելով 100 000 դրամով, ինչից հետո վերջինս լքում է դատական նիստերի դահլիճը, մեկ Հրայր Թովմասյանին հեռացնելով նիստից։ Հիմա էլ որոշել է գրեթե ամեն օր դատական նիստ նշանակել։ Թե ինչու է շտապում դատավոր Գրիգորյանը օր առաջ ավարտել այս գործը, կներկայացնենք մեկ այլ առիթով։
Այսօրվա դատական նիստի սկզբում դատավորը տեղեկացրեց, որ Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ փաստաբան Միհրան Պողոսյանը կրկին ներգրավվի որպես իր պաշտպան։
Միջնորդությունը բավարարվեց։
Այնուհետև դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Արամ Օրբելյանճն առաջարկեց հանդես գալ պաշտոնական ճառով։ Վերջինս ասաց, որ պատշաճ ծանուցված չի եղել, որ ինքն այսօր պետք է հանդես գա պաշտոնական ճառով։ Բացի դրանից, ինքը նախընթաց ժամանակահատվածում գտնվել է արձակուրդում։
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և ժամանակ տրամադրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար։
Այնուհետև դատավորը հանդես եկավ ելույթով, որի առանցքում Հրայր Թովմասյանի և մյուս մեղադրյալ Նորայր Փանոսյանի պատճառով ու ջանքերով դատական նիստերը հետաձգելու մասին դիրքորոշումն էր։
Դատավորի ելույթից հետո Արամ Օրբելյանն ասաց` իրեն պատժելու վերաբերյալ դատավորի որոշումը չի ստացել, հետևաբար ինքը չէր կարող դրա վերաբերյալ որևէ գործողություն կատարել։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։