Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. երկու անձ կալանավորվել է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում, թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով, օրերս Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա երիտասարդ, ով հայտնել է, որ իր մոտ առկա են «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և գազային ատրճանակ:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով և 0.89 գրամ քաշով «Մարիխուանա», 1 փաթեթ՝ ընդհանուր 0.69 գրամ քաշով, «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել հանցավոր արարք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձին ձերբակալելու մասին:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ այն անձի ինքնությունն, ում հանձնարարությամբ տղամարդը փորձել է իրացնել թմրամիջոցները:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ վերջինս թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք է բերել Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ: Վերջինիս ցուցումով և հանձնարարությամբ 29-ամյա տղամարդը «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում, որոնք լուսանկարել և ուղարկել է նրան:
Վարույթի շրջանակներում 29-ամյա տղամարդը մատնանշել է այն վայրերը, որտեղ տեղադրել է թմրամիջոցները. նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել և վերցվել է նրա կողմից տեղադրված թմրամիջոցների 5 փաթեթ:
Ըստ ձերբակալվածի՝ նշված փաթեթներից չորսի պարունակությունը «Կրիստալ» տեսակի, մեկինը՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է: 2024 թվականի օգոստոսի 16-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը: Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության հասցեում, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է 97 զիփ փաթեթ։
Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, ուսումնասիրել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ անձանց բջջային հեռախոսները, ինչպես նաև՝ նամակագրությունը, որի արդյունքում հաստատվել է վերջիններիս կողմից՝ միմյանց հետ համագործակցաբար թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու հանգամանքը:Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Միջնորդություն է ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ վերջինիս ծանոթի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունը, թմրամիջոցների, ինչպես նաև զենքի ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: