«Այդ կառույցը թուղթ նայող է, մոնիթորինգ անող չէ. եթե պետությունը կարգավորման ֆունկցիաները հստակ չարեց՝ արդյունք չենք ունենալու». Բաբկեն Պիպոյան
Մայրաքաղաք Երևանում և մարզերում հոսանքազրկումները հաճախակի բնույթ են կրում։ Վերջերս նույնիսկ Ֆուտբոլային խաղի ժամանակ էր խաղադաշտը հոսանքազրկվել, Օպերային թատրոնում օպերային բալետի ժամանակ էլ շենքն էր հոսանքազրկվել։
Այս խնդրի մասին երեկ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ հոսանքազրկումները տեղի են ունենում «Երևանի ՀԷԿ-1»-ում գրանցված հրդեհի հետևանքով, որն առաջիկայում կվերացնեն։
«Բեռնատարներն արդեն Հայաստանում են, և աշխատանքներն ակտիվորեն ընթանում են այդ ուղղությամբ։ Ընկերությունը վստահեցնում է, որ շուտով կավարտվի հրդեհի հետևանքների վերացումը, իսկ Կենտրոնում և Արաբկիրում հաճախակի դարձած հոսանքազրկումները կդադարեն»,- ասել էր Գ. Բաղրամյանը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ այս վիճակը ոչ թե վթարների, այլ վատ կառավարման արդյունք է։
«Կա միջազգային փորձ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԾԿՀ-ն, ձևի ու բովանդակության մեջ ավելի շատ ձևական մասն է ապահովում, քան բովանդակությունը, ապա ունենում ենք այն, ինչ ունենք։
Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը քննարկել էր մի նախագիծ, որով ըստ էության սպառողներին պետք է փոխհատուցում տրվեր էլեկտրաէներգիայի շատ անջատումների դեպքում։ Վերցրել էին 10 անջատում Երևանում, 15 անջատում՝ մարզերում։ Սա ուղիղ ցուցիչն է այն որակի, որը պահանջում է պետությունը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով խնդրի մասին՝ ասաց Բաբկեն Պիպոյանը։
Նրա դիտարկմամբ, մեղմ ասած, աննորմալ են այս թվերը՝ 10 անջատում Երևանում, 15 անջատում՝ մարզերում։ Այսինքն՝ երբ ՀԾԿՀ-ն նման թվեր է վերցնում, դա ուղիղ տեսքով ասում է, որ այս երկրի համար այդ ցուցանիշներն ընդունելի են։
«Բնական է, եթե պետական վերահսկողական գործառույթ կա, պետական կարգավորման դաշտ կա, ու այն կանոնակարգողները կանոնակարգելու փոխարեն «ֆոռա» են տալիս կամայական բիզնեսին, ապա իրավիճակն այսպես կլինի։
Պետք է մեկ բան հստակ գիտակցենք, եթե պետությունը կարգավորման ֆունկցիաները հստակ չարեց՝ արդյունք չենք ունենալու։ Հետևաբար, պետք է սահմանվեին ոչ թե ձևական, այլ իրական փոխհատուցման մեխանիզմներ։ Եթե այդպես լիներ, մարդիկ գոնե կհասկանային, որ հոսանքազրկումներից հետո կարող են գնալ ու փոխհատուցում ստանալ։ Ավելին՝ երբ բիզնեսն իմանար, որ այդ անջատումները փոխհատուցելու է, բնականաբար, ֆինանսական վնասներ չկրելու համար ամեն ինչ անելու էին, որպեսզի անջատումներ չլինեին կամ քիչ լինեին, իսկ ՀԷՑ-ն ավելի լավ կաշխատեր»,- հավելեց Բաբկեն Պիպոյանը։
Հարցին՝ իրավիճակով պայմանավորված, հնարավո՞ր է՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվի՝ բացատրելով, որ ցանցն են արդիականացնում՝ նման խնդիրներից խուսափելու համար, Բաբեկն Պիպոյանը պատասխանեց՝ մշտապես ասել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանում ձևական բնույթ է կրում։
«Այդ կառույցը թուղթ նայող է, մոնիթորինգ անող չէ։ Դժվար է ասել՝ ցանցի արդիականացման համար կթանկացնե՞ն էլեկտրաէներգիան, թե՞ ոչ։ Բայց պետք է փնտրել այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է անել, որպեսզի վերահսկելի դառնան ներդրումները, որոնք պետք է արվեն ու արվել են»,- շեշտեց մեր զրւոցակիցը։
Իսկ հարցին, թե այս դեպքում ի՞նչ պետք է անի սպառողը, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց՝ սպառողը պետք է գնա, որ ՀԾԿՀ-ին ասի՝ վեր կացեք, գնացեք տուն, մենք մարդիկ կբերենք, որոնք աշխատել գիտեն։
Զվարթ Խաչատրյան
Բաբկեն Պիպոյան, ՀԷՑ-ի աշխատանք, հոսանքազրկումներ, Արաբկիր ու Կենտրոն, վատ աշխատանքի արդյունք