Ադրբեջանի համար ոչ թե կարևորը ճանապարհն է, այլ Հայաստանի տարածքով «միջանցք», որը չի վերահսկվելու որևէ կողմից. Տիրան Լոքմագոզյան
Թուրքիան շարունակում է կոշտ հայտարարություններ ու մեղադրանքներ հնչեցնել Իսրայելի հասցեին։ Էրդողանի հայտնի հայտարարությունից հետո, թե` «ինչպես Թուրքիան մտավ Լիբիա ու Ղարաբաղ, այնպես էլ կմտնի Իսրայելի տարածք», այսօր Թուրքիայի ԱԳ նախարարությունն է դատապարտել Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող գործողությունները և ընդգծել՝ դրանց ընթացքում իսրայելական կողմը սպանում է անգամ UNRWA-ի (ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն) աշխատակիցներին:
Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ իսրայելական վարչակազմը որակվել է «արյան մեջ թաթախված», շեշտելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը հնարավորինս շուտ իր արարքների համար պետք է պատասխան տա միջազգային դատարանում:
Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանի կարծիքով՝ Թուրքիայի այս կոշտ հռետորաբանությունը չի կարող տեղափոխվել գործնական դաշտ, սա զուտ հռետորաբանություն է, որն օգտագործում է թուրքական դիվանագիտությունը։
«Եթե Թուրքիայի ու Իսրայելի միջև գործնականում որևէ լարվածություն լիներ, ապա մինչև այժմ եղած կլիներ։ Թուրքիան միայն խոսում է, հոխորտում է, այս ամենին երկար ժամանակ մենք ականատես ենք լինում։ Թուրքիան նման բառապաշար է օգտագործում այն ժամանակ, երբ Պաղեստինում կամ արաբական աշխարհում որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Իր այդ հայտարարություններով Թուրքիան ուզում է ցույց տալ, որ մեծ ցանկություն ունի հրեաների դեմ որևէ բան անելու, բայց ոչինչ չի անում»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Տիրան Լոքմագոզյանը։
Ըստ թուրքագետի, նույնիսկ Թուրքիան չի փակում իր տարածքով Իսրայել գնացող գազատարը։ Հետևաբար, այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիան իր կոշտ հայտարարություններով միայն իրեն ցուցադրելու նպատակ ունի, թե իբր արաբների ու մուսուլմանների պաշտպան է։
«Իրականում Թուրքիան Իսրայելի հետ ունի շատ լավ կապեր, դեռ Իսարայելի հիմնադրումից։ Առաջինը Թուրքիան է ճանաչել Իսրայելը և մինչև այժմ էլ շատ լավ տնտեսական կապեր ունեն։ Մենք տեսանք, թե 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելն ինչպես օգնեց Ադրբեջանին, այսինքն՝ Թուրքիային։ Թուրքիայի ու Իսրայելի միջև, բացի խոսքային կռվից, այլ բան մենք երբեք չենք տեսնելու»,- հավելեց մեր զրուցակիցը։
Տիրան Լոքմագոզյանը նաև մեկնաբանեց Ադրբեջանի ու Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրից տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող հարցի դուրսբերումը։
Նրա կարծիքով՝ եթե Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հանել է այդ կետը, ապա դեռևս չի նշանակում, որ հրաժարվել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու թուրանական ծրագրից։
«Հայաստանի տարածքով Նախիջևանին միանալու ծրագիրը միշտ Ադրբեջանի օրակարգում է։ Բայց եթե կարևոր ծրագրեր են առաջ գալիս, ապա այդ հարցը նա կարող է ժամանակավորապես հետաձգել, որովհետև Ադրբեջանն այս պահին Նախիջևանի հետ ցամաքային ճանապարհ ունի՝ Իրանով, նաև Վրաստանով երկաթուղու միջոցով։ Այսինքն՝ Ադրբեջանի համար ոչ թե կարևորը ճանապարհ ունենալն է, այլ «միջանցք» Հայաստանի տարածքով, որը չի վերահսկվելու որևէ կողմից։
Ի դեպ, սա Ադրբեջանին ու Թուրքիային այնքան շատ պետք չէ, որքան Արևմուտքին։ Թուրանի կազմությունը մտնում է Արևմուտքի ծրագրերի մեջ, և այդ ծրագիրն իրականացնելու համար Հայաստանով տարածք է պետք, և «միջանցք» կոչվողը հենց դա է։ Կարճ ասած՝ Հայաստանից տարածք, հող պոկելու խնդիր է»,- ասաց թուրքագետը։
Տիրան Լոքմագոզյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում որոշակի ծրագրեր փոխվեցին, քանի որ Իրանը նախապատրաստվում էր Իսրայելին հակահարված տալ կամ պատժամիջոցներ սահմանել։ Իրավիճակը լուրջ էր, քանի որ Իսրայելն էլ ցանկանում էր Իրանին ներքաշել պատերազմական գործողությունների մեջ։ Սակայն այս պահին նման լարվածություն թույլ տալը Միացյալ Նահագներում նպատակահարմար չեն համարում, քանի որ այնտեղ սպասվում են նախագահակական ընտրություններ։
«ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ամեն ինչ արդեն պարզ կլինի, բայց այսօր ամեն ինչ պետք է հանգիստ լինի, որովհետև պատերազմի կուսակցություններն ԱՄՆ-ում են նստած։ Միայն ընտրություններից հետ կորոշվի, թե ինչ քայլեր պետք է գործադրեն»,- եզրափակեց Տիրան Լոքմագոզյանը։