«Ալիևի հետ պաշտոնական հանդիպմանը Պուտինն օգտագործեց ուշադրության արժանի ձևակերպում». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիեւի հետ պաշտոնական հանդիպմանը բացման խոսքում անդրադառնալով Հարավային կովկասի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցին, Պուտինն օգտագործեց ուշադրության արժանի ձեւակերպում:
Պարզ է, բոլորին հայտնի է, որ Ռուսաստանն էլ բախվում է ճգնաժամերի, մասնավորապես ուկրաինական ուղղությամբ, բայց Հարավային Կովկասում Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը թելադրում է մեզ մասնակցության անհրաժեշտություն ռեգիոնալ գործընթացներին, ասում է Պուտինը:
Ըստ իսկ ակնարկն այն է, որ, թեեւ «զբաղված ենք Ուկրաինայով», դա չպետք է թույլ տա մտածել, թե բաց կթողնենք Կովկասը եւ թույլ կտանք, որ այստեղ իրադարձությունները դուրս գան մեր վերահսկողությունից:
Իմ գնահատմամբ սա է Պուտինի արտահայտության այսպես ասած «մեսիջը»:
Նա իհարկե նշում է, որ Ռուսաստանի ներգրավվածությունն անշուշտ կլինի միայն «կողմերի» պահանջվածության դեպքում, բայց ըստ իս դա իհարկե գլխավոր մեսիջն ուղեկցող դիվանագիտական փաթեթն է:
Իհարկե առանցքային հարցն այն է, թե ինչ կարող է եւ ինչ է ուզում Ռուսաստանը, որովհետեւ ամեն ինչ իհարկե չի կարող, չի կարող լինել միանձնյա մոդերատոր, ըստ այդմ իհարկե իր ցանկություններն էլ պետք է համապատասխանեցնի դրանց: Ըստ իս, Ռուսաստանի գլխավոր խնդիրը այս պարագայում Թուրքիայի ազդեցության նվազման միտում ձեւավորելն է:
Բայց, իմ գնահատմամբ, կա մեկ այլ հանգամանք էլ: Կարծում եմ, Մոսկվան այդքան էլ գոհ չէ չին-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների խորացմամբ: Որքան էլ Մոսկվան սերտ աշխատում է Պեկինի հետ, այդուհանդերձ կարծում եմ, որ Կովկասի հարցում կակնկալի Չինաստանի աջակցություն, այլ ոչ թե «բաժնետիրություն»: Այս հարցում թերեւս նույնը կլինի Իրանի գնահատականը»: