Ու դեռ համոզում են, թե ապագան առջևում է

Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի համատարած ձախողումների խորհրդանիշը։ Ստացել է մի երկիր, թողել բոլորովին այլ երկիր՝ անպաշտպան ու նվաստացած։ Այդքանից հետո շարունակում է համոզել, թե ապագան դեռ առջևում է, ինքնիշխան պետություն ենք կառուցում։

Պարզվում է՝ նախկինում, երբ հաղթած երկիր էինք, հզոր բանակ,  երկու պետություն ունեինք, ինքնիշխան չէինք, հիմա նոր պիտի դառնանք։

Այս մարդն իշխանության գալուց հետո չի կատարել կամ միտումնավոր ձախողել է ամեն ինչ՝ տրված խոստումները, ստանձնած պարտավորությունները, նախանշած ծրագրերը։

Ասում էր՝ կախարդական փայտիկ ունեմ, բոլոր խնդիրները, որոնք կանգնած են երկրի առջև, լուծելու եմ։ Բայց ոչ մի խնդիր չի կարողացել լուծել։ Մարդիկ համատարած արտագաղթում են, հեռանում են երկրից, այստեղ ապագա չեն տեսնում, երկրի ժողովրդագրական վիճակը օրհասական է, հարյուր-հազարավոր քաղաքացիներ շարունակում են ապրել աղքատության մեջ, խորացել է սոցիալական բևեռացումը, տասնյակ-հազարների է հասնում ծայրահեղ աղքատների քանակը, հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիների աշխատավարձերն այնքան չեն բարձրացել, որպեսզի հասցնեն՝ ինչպես համատարած թանկացումների, այնպես էլ՝ ֆինանսական այն բազմաթիվ պարտավորությունների հետևից, որոնք վերջին տարիներին ավելացրել են այս իշխանություններն ու դեռ շարունակում են ավելացնել։

Նույնիսկ արտաքուստ արձանագրվող բարձր տնտեսական աճերի ֆոնին, տնտեսության զարգացումներն են ձախողել։ Պետությունն աստիճանաբար բախվում է ֆինանսական խնդիրների հետ։ Արդեն չեն հավաքվում բյուջեի եկամուտները։ Առաջիկայում այդ առումով շատ ավելի բարդ իրավիճակի առաջ են կանգնեցնելու երկիրը։ Տեղ չեն թողել, որ նույնիսկ պարտքերի միջոցով հնարավոր լինի հաղթահարել ֆինանսական սպասվող դժվարությունները։

Պարտքը գրեթե կրկնապատկել են։ Հասցրել են աննախադեպ 12,2 մլրդ դոլարի։

Ընդամենը վեց տարում շուրջ 5,5 մլրդ դոլարի պարտք են վերցրել, հայտնի չէ, թե ինչի՞ վրա են ծախսել, ի՞նչ են արել, ի՞նչ արդյունք ենք ստացել։

Տնտեսական աճերից, ՀՆԱ-ն ավելացնելուց խոսում են, պարտքերից չեն խոսում։

Չեն ասում, թե ՀՆԱ ավելացման գործում ինչ դեր է ունեցել պարտքերի կուտակումը։

Եթե ոչինչ չանեին, միայն այդքան պարտքը բավարար էր, որ վեց տարում 5,5 մլրդ դոլարով ՀՆԱ-ն ավելանար։

Պարտքերի հաշվին ՀՆԱ են ավելացրել, կարծում են՝ տնտեսություն են զարգացրել։

Ձախողել են տնտեսական քաղաքականությունը, պետական կառավարումը։

Հանձնել են Արցախը։

Ժամանակին, երբ ասում էին, թե Նիկոլ Փաշինյանը եկել է Արցախը հանձնելու, շատերը թերահավատորեն էին վերաբերվում։ Վերջերս նա խոստովանեց, որ 2018թ. գիտեր, որ Արցախն Ադրբեջան է։ Գիտեր, բայց չի ասել, որովհետև լեզուն չէր պտտվի, որ ասեր։

Այն ժամանակ չէր պտտվում, հետո լավ էլ պտտվեց։ Պարզապես այն ժամանակ դա ձեռնտու չէր իրեն։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե այն ժամանակ ասեր, որ Արցախն Ադրբեջան է ու պետք է հանձնվի։ Դրա համար էլ չէր ասում, ոչ թե լեզուն չէր պտտվում։

Մեկ-երկու տարի էր պետք Արցախն Ադրբեջանին հանձնելու հող նախապատրաստելու համար։

Պիտի 4-5 հազար երիտասարդի զոհեր, մի քանի հազարի հաշմանդամ դարձներ, Հայաստանից տարածքներ հանձներ, որ լեզուն պտտվեր ու հայտարարեր, թե Արցախն Ադրբեջան է։

Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում ու Արցախի խնդիրը հանեց Հայաստանի իշխանությունների օրակարգից։ Ոչ միայն կարգավիճակն իջեցրեց, այլև բոլոր լծակները տվեց թշնամուն, որպեսզի հայաթափի Արցախը։

Այսօր այլևս Արցախի թեմա իշխանությունների համար չկա։ Այդ թեման բանակցություններից ընդհանրապես հանել են։

Չեն էլ պատրաստվում բանակցել՝ մարդկանց՝ ինչ-որ կարգավիճակով, իրենց տները վերադարձնելու համար։

Միջազգային իրավունքն արցախցիների օգտին է, բայց չեն էլ փորձում օգտվել այդ իրավունքից։ Արցախի թեման փակել են իրենց համար։ Այսքան տարի սարքած-դրածը թողել են Ադրբեջանին։

Հայտարարում են, թե պատերազմից հետո Արցախում 1 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել։

Եթե գիտեիք, որ Արցախն Ադրբեջան է, ինչո՞ւ էիք ներդրումներ կատարում։ Նրա համար, որ վաղն ադրբեջանցիներն իրենց ավելի լա՞վ զգան, որ դժգոհելու առիթ չունենա՞ն։

Արցախի թեման փակել են՝ քիչ է, Հայաստանն են դրել զոհասեղանին։ Իրենց վախերի պատճառով, հայկական հողերը պատառ-պատառ գցում են թշնամում երախը, որ պատերազմ չսկսի։

Տավուշի գյուղերը հանձնեցին, հերթում անկլավներն են, «միջանցքը»։ Նախապատրաստական փուլում են։

Օգտվելով Հայաստանի իշխանությունների թուլամորթությունից՝  Ադրբեջանը շտապում է ոչ միայն իր ցանկալի պայմաններով խաղաղության պայմանագիր պարտադրել, այլև հնարավորինս շատ հայկական տարածքներ ստանալ՝ կլինի անկլավների թե սահմանազատման տեսքով։

Այսքան նվաստացումներից հետո անգամ հանգուցալուծումը չի երևում։

Որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, թե մեկնարկած սահմանազատումներով պայմաններ են ստեղծում Հայաստանի անվտանգության ու ապագայի համար, դա բացարձակ կեղծիք է։ Բոլորն էլ գիտեն, որ սահմանազատմամբ կամ սահմանագծմամբ ոչ մի անվտանգային խնդիր էլ չի լուծվում, եթե հակառակորդը դա չի ուզում։ Իսկ որ Ադրբեջանը հակված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ, մեկ անգամ չէ, որ ցույց է տվել։

Այսքանից հետո, այնպես են ներկայացնում, կարծես անասելի ձեռքբերումների են հասել, երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն են վերականգնել, ամրապնդել պաշտպանությունը, ուժեղացրել բանակը։

Այն, ինչ հիմա ունենք, նախկինի հետ նույնիսկ համեմատելու չէ։ Տարածաշրջանում անուն ու հեղինակություն ունեցող երկիր էին ստացել, արժեզրկել, նվաստացրել, հեղինակազրկել են, բան չեն թողել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս