Այս իշխանությունը խաղաղության հարցով ազդեցիկ շանտաժ է բանեցնում սեփական ժողովրդի դեմ․ Անդրիաս Ղուկասյան

Այսօրվա իշխանություններին հարկավոր է դիտարկել այն քաղաքական գործառույթի տրամաբանության մեջ, որը նրանք կարծես ի սկզբանե վերցրել են։ Հայաստանի վարչակազմը, ըստ էության, որքանով դա հնարավոր է՝ և՛ սպասարկում է ՌԴ շահերը Ուկրաինայի հետ հակամարտության և Արևմուտքի հետ ճգնաժամի հարցում, և՛ հասցնում է սպասարկել Թուրքիայի շահերը։ Առհասարակ, այսօրվա իշխանությունները ռուս-թուրքական քաղաքական ամուսնության զավակն են, և այդ տեսակետից իրենք այս բոլոր փոթորիկների և մարտահրավերների մեջ անշեղորեն պահպանում են իրենց այդ դերակատարումը՝ սկսած Պաղեստինի ճանաչումից, առևտրային և վերաարտահանման հարցերում ՌԴ-ին աջակցությունը թաքուն պահպանելուց, և այլն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

«Այն կարողությունները, որոնք այս իշխանություններն ունակ են մատուցել այլ պետություններին, անում են։ Եթե ժողովրդի տեսակետից նայենք, հանրության համար օր օրի մեծանում է ողջամիտ քաղաքականության և այս վարչակազմի մատուցած իրականության միջև անդունդը։

Մարդկանց գիտակցության մեջ փոփոխություններ են կատարվում։ Ավելի քիչ մարդ կարող է այս կառավարությունը համարել 2018 թվականի քաղաքացիական անհնազանդության արդյունք։ Այս կառավարությունը ձևավորվեց և իշխանության եկավ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի կամ նրա՝ վարչապետ առաջադրվելու դեմ քաղաքացիական անհնազանդության արդյունքով, և մարդիկ երկար ժամանակ ՔՊ-ն և նրա առաջնորդին այդպես էին դիտարկում, համարում էին ժողովրդավարական ուժ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Կարդացեք նաև

«Հիմա կարծես թե նվազել է կառավարության աջակցությունը, վարկանիշները ցույց են տալիս, որ մարդիկ այդ կերպարին սկսել են այլևս չհավատալ։ Մեր հանրության գլխավոր սպասումը խաղաղությունն է, և խաղաղության խնդրի շուրջ շանտաժը շատ ազդեցիկ գործողություն է։ Ներկայացված է «խաղաղության օրակարգ»՝ որպես քաղաքականության գլխավոր դրույթ և թեզ, այն կարմիր գծով անցնում է, և հուզական պահ է առաջանում, երբ մարդիկ ուզում են հույս կապել դրա հետ։ Այդ տրամաբանության մեջ է շարադրվում պետական քարոզչական արշավը, թե ՌԴ-ն բացասական կերպար է, և Հայաստանի խնդիրների ու Արցախի կորստի պատճառը ՌԴ-ն է։ Պնդում են, թե պայքարում են խաղաղության հասնելու համար, բայց ոչինչ չի ստացվում։ Այդ տրամաբանության մեջ ժողովուրդը չի կորցնում սպասումը, որ այնուամենայնիվ՝ այսօր, վաղը կամ մոտակա շրջանում կկնքվի խաղաղության պայմանագիր»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը։

Հանրային գործչի պնդմամբ՝ Սփյուռքում վերջին ամսում սկսել են լուրեր տարածել, թե իբր Հայաստանում պետք է անշարժ գույք ձեռք բերել, քանի որ այն թանկանալու է․ «Պատճառն այն է, թե իբր խաղաղության պայմանագրի նախագիծն արդեն ամփոփված է, ուր որ է՝ ստորագրելու են, և անշարժ գույքի գները բարձրանալու են։ Եվ մարդիկ Հունաստանից, ԱՄՆ-ից, այլ տեղերից զանգում ու հետաքրքրվում են՝ ի՞նչ վիճակ է անշարժ գույքի շուկայում, ի՞նչ դասավորություն է, և երբ իրավիճակի մասին տեղեկություններ են ստանում, զարմացած են մնում Սփյուռքում ՀՀ պետական ներկայացուցիչների քարոզչության և իրականության անհամապատասխանության առումով։ Սա քաղաքականություն է, քարոզարշավ է, և աշխատում է»:

«Մարդիկ խաղաղություն են ուզում, դա բնական սպասում է, և խաղաղության հարցով ձեռնածություններ անելն անպարտելի քաղաքականություն է։ Միշտ կարելի է արծարծել այդ հարցը և դրա շուրջ գտնել հանրության վրա քարոզչական գործիքներով ազդելու հնարավորություն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև արմատական, երկարատև և հիմնարար խաղաղության պայմանագրի հարցը միջազգային իրավունքի նորմերից, ավանդույթից, խնդրի առարկայից ելնելով՝ մի շարք հարցերի հետ է առնչվում։ Դրանց շարքում են ապառազմականացումը, սահմանազատումը, հաղորդակցությունները, Արցախի հարցը, հաշտեցումը, ճշմարտությունը և մի շարք այլ հանգամանքներ»,- ամփոփեց Անդրիաս Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս