Բաժիններ՝

«Հայաստանը հայտնվել է «առնող-ծախողի» ձեռքում, նրա համար միևնույն է՝ ինչ է վաճառում, կարևորը՝ փող տան». Վահագն Սահակյան

Արդեն երկրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն խոսում է փողոցների ու մայթերի մասին, որոնք, նրա խոսքով՝ վերանորոգում է ոչ թե մեքենաների կայանման համար, այլ քաղաքացիների։

Երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մայթերի վերաբերյալ տեսանյութ հրապարկելուց հետո այսօր կրկին նույն թեմայով տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Ժողովրդավարությունը և տոտալիտարիզմը՝ մայթի վրա»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս խնդիրը պետք է լուծի քաղաքացին, այլ ոչ թե ոստիկանությունը, քանի որ դա է ժողովրդավարությունը։ Այսինքն՝ ըստ նրա, մայթերը մեքենաներից պետք է «ազատագրի» քաղաքացին։

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին, նկատեց՝ մարդ, որը նույնիսկ իր վաղվա օրը չի կարողանում տեսնել, այսօր որոշում է Հայաստանի ապագան։

Կարդացեք նաև

«Այսօր մենք ապրում ենք այն մարդկանց ստեղծած օրենքներով, կանոններով, ովքեր իրենց տունը նորմալ չեն կարողանում ղեկավարել, ուր մնաց թե՝ երկիր ղեկավարեն։ Այս ամենը գալիս է նրանից, որ այս մարդիկ առհասարակ գաղափար չունեն, թե ինչ է պետությունն ու ընդհանրապես ինչի համար է։

Քանի դեռ որևէ միջոցառում չեն ձեռնարկել, որպեսզի քաղաքում մեքենաների կուտակումներ տեղի չունենան, իրավիճակն այսպես է լինելու, որովհետև նախ՝ պայմաններ պետք է ստեղծեն, հետո՝ պահանջներ ներկայացնեն։ Լավ, թող մայթերին էլ արգելեն մեքենաների կայանելը, հետո՞, այսինքն՝ իրենց աշխատանքը միայն արգելե՞լն է, լուծումները պետք է ժողովո՞ւրդը գտնի»,- նկատեց Վահագն Սահակյանը։

Նրա խոսքով՝ մինչ Նիկոլ Փաշինյանը կսկսեր բողոքել մայթերից, նախ իր թիմին չպետք է թույլ տար, որպեսզի ամբողջ շինարարությունը խտացնեին Երևանում, քանի որ մայրաքաղաքում շինարարության ծավալներն աննախադեպ են։

«Այսօր Երևանը դարձրել են Հայաստանի տարածքային զարգացման ամենամեծ խոչընդոտը։ Ի դեմս Երևանի, այսօր մյուս շրջանները չեն զարգանում, վերջերս եմ միայն նկատել, որ Սևան քաղաքում կռունկ է վերև բարձրացել, շինարարական աշխատանքներ է կատարում։ Արդյո՞ք այս ամենը չի նշանակում, որ այս իշխանությունը կանխամտածված ամեն ինչ կուտակել է Երևանում, ինչն ունի մեկ նպատակ՝ թանկ ու կրակ վաճառել հողերը շենք կառուցողներին։ Սրանք բոլորն առևտրականներ են, մեր երկիրը տվել են առևտրականներին, դրա համար, երբ Հայաստանում ասում ես՝ բիզնես, բոլորը հասկանում են՝ առևտուր։ Կրկնում եմ՝ Հայաստանը հայտնվել է առնող-ծախողի ձեռքում, իսկ առնող-ծախողի համար միևնույն է, թե ինչ է վաճառում, կարևորը՝ իրեն փող տան, ընտանիքի անդամին էլ կծախի, միայն թե լավ փող տան»,- հավելեց մեր զրուցակիցը։

Վահագն Սահակյանի խոսքով՝ եթե երկրի ղեկավարն իմանար՝ ինչ է պետությունը, ապա այսօր մայթերի խնդիրը վաղուց լուծած կլիներ։ Թեպետ, եթե այժմ երկրի կարևորագույն հարցերը թողած, խոսում է մայթերից, նշանակում է, որ «այդքան է խելքը ձգում»։

«Երկրի անվտանգությունը թողած, մայթերի հարց է լուծում, մինչդեռ սա իր լուծելու հարցը չէ. կարճ ասած՝ սա առաջին հերթին պոպուլիզմի դրսևորում է։ Երկրորդը՝ սա միապետության դրսևորում է, ուղղակի մարդը որոշել է, որ ինքն է այս երկիրը միայն ղեկավարում, մի հոգին համարում է, որ ինքը պետք է լինի ամեն ինչի «ասողը»։

Ինքս երկու հիմնարկ եմ ղեկավարում՝ գործարան ու հիմնադրամ, արդեն տևական ժամանակ է՝ չեմ հասցնում գնալ արձակուրդ, իմ ընտանիքի անդամներին չեմ տեսնում, շաբաթ-կիրակի աշխատում եմ, բայց մեկ է՝ գործերս չեմ հասցնում։ Այս մարդը մի ամբողջ երկիր է ղեկավարում, հասցնում է գնալ արձակուրդ, լոնդոններում նկարվի ու տեսանյութեր հրապարակի։ Կամ էլ՝ կիսամերկ գնում են հանդիպումների, լավ, դրես-կոդ չկա՞։ Մի խոսքով՝ արդեն չենք կարողանում որևէ բան նայել։ Այս ամենը ասում եմ նրա համար, որ ավելի կարևոր հարցեր ունի լուծելու, քան մայթերի հարցն է»,- եզրափակեց Վահագն Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս