Բաժիններ՝

«Ոչ մի բան չի փոխվել, նույն «բոլոլան» շարունակվում է». Վահե Ղազարյանը դեռ խոստումը չի կատարել

Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ անվտանգության բազմաթիվ աշխատակիցներով ու մեքենաների ավտոշարասյունով գնացել էին Կոտայքի մարզ՝ Չարենցավան քաղաքում հարսանիքի մասնակցելու նպատակով։ Ի դեպ, հարսանիքի քավորն էլ Վահե Ղազարյանն էր։

Չարենցավանցիները տեղեկանալով, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է Չարենցավան, որոշել էին դուրս գալ ու ճանապարհին իրենց պահանջը ներկայացնել։

Հիշեցնենք, որ երկու ամիս է՝ Չարենցավանի բնակիչները Կառավարությունից պահանջում են չեղարկել համայնքի անձնագրայինը փակելու վերաբերյալ որոշումը։ Սակայն բողոքող բնակիչներից ավելի շատ ոստիկաններ էին հավաքվել և թույլ չէին տվել, որպեսզի բնակիչներն իրականացնեն իրենց ակցիան։ Հետո բնակիչներին մոտեցել է Չարենցավանի ոստիկանապետն ու ասել է, որ Վահե Ղազարյանը հաջորդ շաբաթ, այսինքն՝ այս շաբաթ, պատրաստ է այցելել  Կոտայքի մարզ և հանդիպել բնակիչների հետ։

Այսօր 168.am-ի հետ զրույցում Չարենցավանի բողոքի ակցիայի մասնակից Գևորգ Հակոբյանն ասաց, որ թեպետ իրենց ասել էին, որ Վահե Ղազարյանն այս շաբաթ գալու է Կոտայքի մարզ ու իրենց հետ հանդիպի, սակայն այդ հանդիպումը դեռ չի եղել։

Կարդացեք նաև

«Մեզ մեր ոստիկանապետը փոխանցեց, որ Վահե Ղազարյանն ասել է, որ կգա մարզ ու մեզ հետ կհանդիպի։ Մենք պատասխանեցինք, որ դրանք սուտասան են, մենք չենք հավատում, մեր ոստիկանապետն էլ ասաց, որ նախարար մարդ է, եթե ասել է՝ ուրեմն կանի»,- նշեց Գևորգ Հակոբյանը։

Ըստ նրա, Չարենցավանի անձնագրայինի դռները շարունակում են փակ մնալ, բնակիչներն անձնագրի հետ կապված հարցերով գնում են տարբեր անձնագրային բաժանմունքներ, ժամերով սպասում հերթերի մեջ։

«Ոչ մի բան չի փոխվել, նույն «բոլոլան» շարունակվում է։

Մենք Ներքին գործերի նախարարություն ու Կառավարություն նամակներ ենք մուտք արել՝ 8000 ստորագրությամբ, պահանջել ենք, որ մեր այդ հարցը լուծեն ու մեր բնակիչներն անձնագրի հարցերով Չարենցավանը թողած՝ չգնան այլ վայրեր։ Մոտ մեկ ամիս կլինի, որ այդ նամակներն ուղարկվել են, բայց արձագանք դեռևս չկա, հուսանք, գրավոր կպատասխանեն մեզ։

Եթե մեր պահանջները չբավարարեն, մարզային շարժում ենք սկսելու, քանի որ, ինչպես հասկացանք, այս նույն խնդիրը կա Բյուրեղավանում, Նոր Հաճնում, Աբովյանում, Գառնիում ու այլ վայրերում։

Չարենցավանը 40.000 և ավելի բնակիչ ունի, 3000 էլ Արցախից բռնի տեղահանվածներ կան, ինչո՞ւ պետք է անձնագրայինը փակեն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, այսօր բողոքի ակցիայի մասնակիցները շրջում են համայնքներով, որպեսզի հասկանան, թե այդ վայրերում ինչ է կատարվում։ Բյուրեղավանում ևս խնդիր կա, այնտեղ էլ մարդիկ սկսել են ստորագրահավաք, որպեսզի իրենց անձնագրայինը չփակեն։

Տեսանյութեր

Լրահոս