Կասկածներ ունեմ, որ սա եղել է ՀՀ իշխանության խնդրանքը, Ադրբեջանն էլ հաշվարկել ու համաձայնել է. Թևան Պողոսյան

Նախորդ շաբաթ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովը բացահայտեց, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։ Միայն Ադրբեջանի կողմից այս բացահայտումից հետո եղավ ՀՀ արտգործնախարարության արձագանքը։

ՀՀ արտաքին գերատեսչության մամլո խոսնակն ասել էր, որ որ տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջ մղվող օրակարգի կարևոր մաս։

168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը խոսելով Ադրբեջանի այս բացահայտման մասին, ասաց՝ այս հարցում Ադրբեջանն իրականացրել է հաշվակներ և ընտրել է իր շահին համաժեք որոշում։

«Ադրբեջանը հաշվարկել է, որ իր շահերից ելնելով՝ այսօր ավելի բարենպաստ է, և կարող է ձևական այս տեսակի մոտեցումներ ցուցաբերի՝ չփոխելով իր վերջնական ու իրական նպատակին հասնելու ցանկությունը։

Կարդացեք նաև

Խոսում են խաղաղության պայմանագրի մասին, բայց այդ խաղաղության պայմանագիրը չի լինելու։ Ադրբեջանն ասելու է՝ պատրաստ ենք կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը հանել, բայց այնտեղ մեկ հարց էլ կա՝ ՀՀ Սահմանադրության հարցը։ Ու հարց կտա Հայաստանին՝ Սահմանադրությունը փոխե՞լ եք, որ այս պայմանագիրը ստորագրենք։

Կրկնում եմ՝ Ադրբեջանը նստել ու ամեն ինչ հաշվարկել է, և այսօր ամեն ինչ խաղացնում է՝ միջազգային իրավիճակը, հոկտեմբերին իրենց մոտ սպասվող խորհրդարանական ընտրությունները, Իսրայել-Իրան առճակատումը, Վրաստանում սպասվող ընտրությունները, Ռուսաստան-Արևմուտք առճակատումը և այլն, ուստի հիմա ինչո՞ւ պետք է շտապի։ Միևնույն է, Ալիևը վաղուց ՀՀ իշխանություններին ասել է՝ կամավոր չտաք, ուժով եմ վերցնելու»,- նշեց Թևան Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի, Ադրբեջանն այս կամ այն հատվածը Հայաստանից կվերցնի ուժի միջոցով, այդ պատճառով էլ էական չէ, թե թղթի մեջ ինչ է գրված լինելու։

Հարցին՝ այսինքն՝ այս փուլում Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է իր վաղեմի ցանկությունից՝ «Զանգեզուրի միջանցքից», Թևան Պողոսյանը պատասխանեց.

«Ադրբեջանը երբեք որևէ փաստաթուղթ չի ստորագրելու և երբեք չի հրաժարվելու իր դրած որևէ նպատակից, սա այդպես էլ հայկական կողմում չհասկացա՞ն։ Ադրբեջանը տարբեր մանիպուլյացիաներով իր խաղն է առաջ տանում՝ ցանկություն չունենալով որևէ բան ստորագրել։ Ադրբեջանն ասել է՝ Սյունիքն էլ եմ տանելու, Սևանի կեսն էլ, դրա համար այժմ ինչո՞ւ պետք է ինչ-որ բան ստորագրի։

Հայաստանի ԱԺ գործող նախագահն ասում է, որ Ադրբեջանի նպատակն է՝ վերացնել հայոց պետականությունը, ու այսքանից հետո ընկած փաստաթո՞ւղթ են ստորագրելու։ Ադրբեջանը մի օր այսպես կասի, հաջորդ օրը՝ այլ կերպ։ Մեծ կասկածներ ունեմ, որ սա եղել է ՀՀ իշխանության կողմի խնդրանքը, որ ժամանակ տան, հետո տեսնեն՝ ինչ է լինելու։ Իրենք էլ երևի հաշվարկել են, ասել են՝ լավ, պետք է, մի երկու ամիս էլ «յոլա» տարեք»։

Մեր զրուցակիցը նաև վստահ է, որ Ադրբեջանը չի բանակցում ՀՀ իշխանության հետ, քանի որ պարտված իշխանության հետ որևէ մեկը չի բանակցում։

«Դուրս եկեք այդ ֆորմուլայից, այսօր Ադրբեջանը հայկական գործոնի հետ չի բանակցում, պարտվածների հետ ի՞նչ բանակցի»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս