Նիկոլ Փաշինյանն այս ամենից հետո պիտի ամաչեր առհասարակ դուրս գալ. Պարույր Հայրիկյան

Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն իր հեծանվային արշավը սկսել էր Գերմանիայից, որտեղ ամեն օր հեծանիվ էր քշում, իհարկե, տեսախցիկների ուղեկցությամբ, այնուհետև առանց հեծանիվի գնաց Գյումրի՝ «Ֆեստիվառին» մասնակցելու, այժմ էլ Տավուշում է։

Ինչպես տարբեր այցերի ժամանակ, այս այցին ևս Նիկոլ Փաշինյանը «պաղպաղակ փարթի» է անում երեխաների հետ, բնակիչներից միրգ գնում և այդ ամենը հրապարակում ֆեսյբուքյան իր էջում։

Երեկվանից բազմաթիվ տավուշցիներ իրենց ֆեյսբուքյան էջերում Նիկոլ Փաշինյանի տավուշյան այցի վերաբերյալ քննադատական խոսքեր են գրում, ով թողած անվտանգային հարցերը, գնացել՝ մարզի թանգարաններից, մրգի գներից է հետաքրքրվում։

168.amի հետ զրույցում Ազգային ինքնորոշում միավորումի (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս քայլերին, ասաց՝ որևէ բանի վրա չի զարմանում։

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի, ինչպես բոլորը, ովքեր ունեն քաղաքական լծակներ, իր պատկերացումներով առաջնորդվելու, ունենալով այլևայլ նպատակներ։ Այլ բան է, թե դրան մենք ինչպես ենք վերաբերվում։ Հստակ է՝ աշխարհի որևէ այլ երկրում, եթե Նիկոլ Փաշինյանի արածները կամ չարածները որևէ պետական գործիչ աներ, պիտի ամաչեր հանրությանը ներկայանալ։

Նիկոլ Փաշինյանն այս ամենից հետո պիտի ամաչեր առհասարակ դուրս գալ ու ներկայանալ։ Բայց նա օգտագործելով պետական քարոզչական մեքենան և հնարավորինս լռեցնելով առողջ ընդդիմությանը՝ հասել է նրան, որ արատավոր բաները մարդիկ սկսել են ընկալել՝ որպես բնականոն։ Արժանապատվության ոտնահարումը, արժեքների ոչնչացումը որոշ քանակով մարդկանց համար նորմալ բան է»,- նշեց Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ ի դեմս այս մարդկանց, որոնք «սատանայապաշտ են», կարծում են, որ ինչ-որ նպատակների համար կարելի է անել ցանկացած բան։ Նմանօրինակ մարդկանց թիվը Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից հետո սկսեց շատացնել՝ պատրաստելով մի զանգված, որը, ճիշտ է՝ 20 տոկոսը չի անցնում, բայց իշխանական լծակներն օգտագործելով՝ կարողանում են հասնել իրենց նպատակին։

«Զավեշտալին գիտե՞ք՝ ո՞րն է, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք ընտրված ենք, որովհետև օրենքները լկտիաբար խախտում են։ Ինչ-որ նկատառումներից ելնելով՝ խախտում է Սահմանադրությունը՝ առաջնորդվելով «Նպատակն արդարացնում է միջոցները»  կարգախոսով։ 6 տարի է՝ այսպես երջանիկ ապրում է, «Մերժիր Սերժին» կարգախոսով եկավ, բայց Սերժ Սարգսյանի ընդունած Սահմանադրությամբ ու օրենքներով ղեկավարում է, բա դժգո՞հ էիք օրենքներից»,- նկատեց Պարույր Հայրիկյանը։

Նա նաև ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը հասցել է ճգնաժամային իրավիճակի։

«Այստեղ պետք է նաև ասեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը ևս լավ չի աշխատում, որը կարծես թե շատ հարցերում համախոհ է Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրենք պարտավոր էին իրենց տեսակետը՝ հիմնական օրենքի հետ կապված, հստակ ներկայացնեին, բայց իրենք առաջնորդվում են ոչ թե ճշմարտությամբ, այլ որոշակի նկատառումներով, արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս