Բեյրութում իսրայելական ավիահարվածի զոհերի թիվը հասել է 4-ի
Իսրայելը հայտարարել է, որ Բեյրութի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով սպանվել է լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկը։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ ավիահարվածի զոհերի թիվը հասել է 4-ի, որոնցից 2-ը չորս և վեց տարեկան երեխաներ են: Զոհերի շարքում կա նաև մեկ կին: Հարվածի հետևանքով վիրավորվել է 74 մարդ։
The Associated Press-ի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի թիրախն էր Ֆուադ Շուքուրը, որը պատասխանատու էր հուլիսի 27-ին Իսրայելի վրա հրթիռային հարվածի համար, որի հետևանքով 12 դեռահաս էր զոհվել։ Չնայած «Հեզբոլլահ»-ը հերքել էր իր առնչությունը հարձակմանը, սակայն Իսրայելը խոստացել էր խիստ արձագանք տալ դրան։ Լիբանանյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ հարվածն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, որը երեք հրթիռ է արձակել Բեյրութի հարավային Դահիյա արվարձանի ուղղությամբ։ «Հեզբոլլահ»-ի պաշտոնյաներից մեկն Al-Manar հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «վաղ թե ուշ իսրայելական թշնամին կվճարի սրա համար»։
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքատին դատապարտել է Իսրայելի հարձակումը՝ նշելով, որ հրթիռներն ընկել են Բեյրութի ամենամեծ հիվանդանոցներից մեկից մի քանի մետր հեռավորության վրա։ Հարվածից փլուզվել է բազմաբնակարան շենքի մի հատվածը, մեծապես վնասվել է հարևան շենքը։ Հիվանդանոցը ոչ մեծ վնասներ է կրել։ Փլատակներում կարող են էլի մարդիկ լինել, զոհերի թիվը կարող է աճել։ Վերջին անգամ Իսրայելը Բեյրութի վրա ավիահարված էր իրականացրել հունվարին՝ սպանելով պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաներից մեկին՝ Սալեհ Արուրիին։
Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ջանին Հենիս Պլասշարտը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խորապես մտահոգված է հարվածի առնչությամբ, և հանդարտության կոչ է արել։