Չհայտարարագրված գումարի ներմուծման դեպքեր Վրաստանի մաքսակետերում
Հուլիսի 7-28-ը վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում վրացի մաքսավորները կանխել են խոշոր չափի չհայտարարագրված գումարի գաղտնի ներմուծման դեպքեր, տեղեկացրել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։
Ըստ նշված ծառայության հաղորդման՝ մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա, օտարերկրյա քաղաքացիների ֆիզիկական և ուղեբեռի, նրանց հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցների մանրակրկիտ զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված 2900 եվրո, 59 հազար 407 ԱՄՆ դոլար և 7 մլն 265 հազար 700 ռուսական ռուբլի:
Նույն հաղորդագրության համաձայն, չհայտարարագրված գումարի ընդհանուր չափը, ըստ Վրաստանի ազգային բանկի փոխարժեքի` կազմել է 655 հազար 597 լարի 94 թեթրի։
«Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիները որպես պատիժ տուգանվել են ընդհանուր հաշվով 65 հազար 560 լարի 16 թեթրիի չափով (գումարի 10 տոկոսը),- ըստ aliq.ge-ի՝ հայտնել են ֆիննախից։