Բաժիններ՝

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի վրա արձակված ԱԹՍ-ները խոցելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը ոչնչացրել և կալանել են ինքնաթիռային տիպի 39 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) Ռուսաստանի օդային տարածությունում։

Գերատեսչությունը նշում է, որ ԱԹՍ-ները ոչնչացվել են Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Բրյանսկի և Լենինգրադի մարզերի երկնքում։ Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել կոմունալ ենթակառուցվածքի տանիքում։

Ռուսաստանի Լենինգրադի մարզի ղեկավարը հայտնել է, որ գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհեր կամ ավերածություններ չկան։Իսկ Օռլովսկի շրջանում, ըստ տեղի իշխանությունների, խոցվել է ուկրաինական 2 ԱԹՍ, վնասվել է տեղի էլեկտրակայանը։

Ուկրաինայի իշխանություններն իրենց հերթին հայտնել են Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական 6 ԱԹՍ խոցելու մասին։ Ըստ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի՝ վնասվել են մասնավոր տներ և տնտեսական շինություններ։ Իսկ Խարկովի իշխանությունները հայտնել են Կուպյանսկ քաղաքի վրա ավիառումբերով հարձակման մասին։ Վնասվել է մեկ մասնավոր տուն։

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ ընդհանուր առմամբ, գիշերը խոցվել է ռուսական ուժերի կողմից արձակված մեկ հրթիռ և 9 հարվածային ԱԹՍ։ Հուլիսի 28-ին Խերսոնի մարզի ղեկավար Ռոման Մրոչկոն հայտնել էր, որ օրվա ընթացքում ռուսական ուժերի գնդակոծությունների հետևանքով 11 խաղաղ բնակիչ է վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս