Բաժիններ՝

Ուկրաինան 2022 թ. փետրվարից ստացել է գրեթե 90 միլիարդ դոլարի բյուջետային աջակցություն

Ուկրաինայի դաշնակից երկրները և միջազգային ֆինանսական կազմակերպությունները 2022 թ․ փետրվարին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Կիևին են տրամադրել գրեթե 90 միլիարդ դոլար` բյուջեի աջակցության նպատակով:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։

«Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում արտաքին ֆինանսավորումը կազմում է 89,6 միլիարդ դոլար: 2024 թվականին պետական ​​բյուջեն արդեն ստացել է 16 միլիարդ դոլարի միջազգային օժանդակություն», – հայտարարել է ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։

Նա այս մասին հայտնել է Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ղեկավարության հետ առցանց հանդիպման ժամանակ։

Մարչենկոն նաև հանդիպման մասնակիցներին հաշվետվություն է ներկայացրել Ուկրաինայի կառավարության քայլերի մասին, որոնք  ուղղված են երկրի ֆինանսական կայունության ապահովմանը։ Մասնավորապես, Մարչենկոն նշել է հարկերը բարձրացնելու որոշումը՝ ռազմական ծախսերի համար լրացուցիչ միջոցներ հայթայթելու նպատակով։ Բացի այդ, նրա խոսքով, Կիևին հաջողվել է 2024 թվականի առաջին վեց ամիսներին հավաքել 55 %-ով ավելի հարկային և մաքսային մուտքեր, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։

Հանդիպման ժամանակ նախարարը նաև ընդգծել է, որ միջազգային օգնությունը շարունակում է մնալ պատերազմի ժամանակահատվածում Ուկրաինայի ֆինանսական կայունությունը պահպանելու համար կարևոր տարր։ Ուկրաինան երկրորդ տարին անընդմեջ բյուջե կազմում է ռեկորդային դեֆիցիտով ՝ հույս ունենալով այդ դեֆիցիտի հիմնական մասը ծածկել արևմտյան գործընկերների օգնության հաշվին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս