Արմեն Փամբուխչյանը բարգավաճում է. Ի՞նչ են հայտարարագրել Փաշինյանի և Ավինյանի վստահյալ Արմեն Փամբուխչյանն ու նրա տիկինը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար և, վերջապես, ՔՊ ակտիվ ներկայացուցիչ Արմեն Փամբուխչյանի անունը վերջերս հաճախ է հոլովվում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանը նրան է տեսնում Տիգրան Ավինյանին վաղաժամ փոխարինողի դերում, քանի որ հենց նա է առավել կառավարելի։

Թերևս, այս նկրտումները տորպեդահարելու համար նախօրեին տեղի ունեցավ Տիգրան Ավինյանի՝ «Արմեն Փամբուխչյանին ես ինքս իմ չափ վստահում եմ» արարը։

168.am-ն այս պաշտոնյայի անվան շուրջ վերջին ակտիվության համատեքստում այս տարի դարձյալ ուսումնասիրել է նրա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը։

Կարդացեք նաև

Այսպիսով, 2024 թվականին ներկայացրած 2023 թվականի տարեկան հայտարագրում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտարարագրել է մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում 2017 և 2022 թթ. գնված երկու բնակարանները, որոնք տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։

Տարվա ընթացքում նա 6 միլիոն 160 հազար դրամով օտարել է 2021 թվականին գնված LEXUS մակնիշի մեքենան։

Փոխքաղաքապետի դրամական միջոցները տպավորիչ են. տարեսկզբին առկա 7 միլիոն 211.242 դրամ և 1300 եվրո բանկային հաշվի մնացորդները տարեվերջին կազմել են 16 միլիոն 886.415 դրամ և 8800 եվրո, հայտարարագրված Fasttoken կրիպտոարժույթը, որը 2022 թվականին կազմել էր 1500 դոլար, իսկ պաշտոնը դադարեցնելու օրվա հայտարարագրում՝ 12.000 դոլար, 2023 թվականի հայտարարագրում մասնակի է նշվել. տարեսկզբին՝ XXX 10,000 և տարեվերջին՝ XXX 15.000 ձևակերպմամբ։

Արմեն Փամբուխչյանի կանխիկ միջոցները ևս տարվա ընթացքում աճել են․ տարեսկզբին 5600 դոլարը և 4 միլիոն 640.000 դրամը տարեվերջին արդեն ավելացել է՝ կազմելով 11 500 դոլար և 6 միլիոն 500.000 դրամ։

Պաշտոնյայի հաշվետու տարվա 27 միլիոն 764.154 դրամ եկամուտը ձևավորվել է ՊԵԿ-ից ստացված 2 միլիոն 726.300 դրամ այլ եկամուտներից, 6,160,000 դրամով գույքն օտարելուց, և աշխատանքի վարձատրությունից՝ Տրասեկա Միջկառավարական կազմակերպությունից՝ 2500 եվրո, ԱԻՆ-ից՝ 12 միլիոն 996.885 դրամ, և Երևանի քաղաքապետարանից՝ 4 միլիոն 820.819 դրամ։ Հիշեցնենք՝ Արմեն Փամբուխչյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հոկտեմբերից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 միլիոն 766.261 դրամ, որի հիմնական մասը՝ 27.795.245 դրամը, բնակարանի հիփոթեքի վարկի մայր գումարի չափն է։

Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, ի տարբերություն ամուսնու, 2023 թվականին ձեռք է բերել նոր 10 միլիոն 600.000 դրամ արժողությամբ LEXUS մակնիշի մեքենա։

2023 թվականին նա օտարել է 5 միլիոն 432 000 դրամ արժողությամբ «Նիսան»-ը։ Պաշտոնյայի տիկնոջ բանկային միջոցները տարեվերջին կազմել են 148.332 դրամ, կանխիկ միջոցները՝ 4.500.000 դրամ, 5300 դոլար և 27.000 ռուբլի, իսկ հաշվետու տարվա՝ 4 միլիոն 333.600 դրամ եկամուտները ձևավորվել են Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունից և նոր իշխանությունների օրոք պետական գերատեսչությունների սրտի մատակարար «Բեգրաունդ Փրոդաքշն»-ից ստացած գումարներից։

Ավելի վաղ գրել էինք, որ 2018 թվականի թավշյա իրադարձություններից հետո բավականին բարելավվել է Արմեն Փամբուխչյանի սոցիալական վիճակը:

 

Տեսանյութեր

Լրահոս