Ի՞նչ է հայտարարագրել ՔՊ շտաբի ղեկավար, ցուցակում երկրորդ Արմեն Փամբուխչյանը
Օրերս մամուլը տեղեկացրեց՝ ՔՊ նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը լուծվել է. Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ՔՊ ակտիվ ներկայացուցիչ Արմեն Փամբուխչյանն է իրականացնելու այդ կարևոր հանձնառությունը, իսկ նրան այդ հարցում կօգնեն ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
168.am-ն ուսումնասիրել է Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերը և պարզել, որ 2018 թվականի թավշյա իրադարձություններից հետո բավականին բարելավվել է արդեն նախկին նախարարի սոցիալական վիճակը:
Այսպիսով, եթե 2021 թվականի հայտարարագրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտարարագրել էր 2017-ին գնված համատեղ սեփականություն հանդիսացող 1 բնակարան բազմաբնակարան շենքում, ապա 2023 թվականի մայիսին ներկայացված 2022 թվականի հայտարարագրում արդեն տեղ է գտնում երկրորդ բնակարանը՝ դարձյալ համատեղ սեփականության իրավունքով: Բնակարանը, ըստ հայտարարագրի, Արմեն Փամբուխչյանը գնել է 38 միլիոն դրամով, հայտարարագրում հիշատակվում է հիպոթեքի մասին:
Եթե 2021 թվականի տարվերջին բանկային հաշիվների մնացորդները եղել են 7 միլիոն 309 հազար 128 դրամի չափով, ապա 2022 թվականի տարեվերջին դրանք կազմել են 7 միլիոն 211 հազար 242 դրամ և 1300 եվրո, իսկ պաշտոնը դադարեցնելու օրվա հայտարարագրում՝ 6100 եվրո և 11 միլիոն 378 հազար 524 դրամ:
2021 թ.-ի տարեվերջին նախկին պաշտոնյայի առկա կանխիկ գումարը և արժույթը կազմել էր 3100 դոլար, 1 միլիոն 350 հազար դրամ և 2500 եվրո, իսկ տարվա եկամուտները՝ 18,200,438 դրամ: 2022 թվականի տարեվերջին արդեն կանխիկի չափը կազմել է 5600 դոլար, 4 միլիոն 640 հազար դրամ և 3600 եվրո, հաշվետու տարվա եկամուտները՝ շուրջ 56 միլիոն 432 հազար դրամ:
Նկատենք՝ այս 56 միլիոն 432 հազարը ստացել «Տրասեկա» միջկառավարական կազմակերպությունից, ԱԻՆ-ից (աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ) և Ամերիա Բանկ-ից (փոխառության՝ վարկի տեսքով):
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է փոխառության մնացորդի չափը՝ 34,142,886 դրամ, վարկի մայր գումարի մնացորդի չափը՝ 5,999,222 դրամ: Խոսքը, ըստ հայտարարագրի, բնակարանի հիպոթեքի մասին է:
Պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում, որը ներկայացվել է 2023 թվականի հուլիսի 24-ին (պաշտոնը դադարեցվել է 2023թ. հունիսի 30-ին) Արմեն Փամբուխչյանի անշարժ գույքի քանակը չի փոխվել, կանխիկ գումարը եղել է 7800 դոլարի և 7 միլիոն 300 հազար դրամի չափով, վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 35 միլիոն 355 հազար 878 դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներ՝ 21 միլիոն 273 հազար 980 դրամ, որոնք այլ եկամտի տեսքով ստացել է ՊԵԿ-ից, աշխատավարձի տեսքով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից և գույքն օտարելուց:
Ի դեպ, Արմեն Փամբուխչյանը նաև հայտարարագրել է կրիպտոարժույթ՝ Fasttoken՝ 2022 թվականին 1500 դոլար արժեքով, իսկ պաշտոնը դադարեցնելու օրվա հայտարարագրում՝ 12.000 դոլար: