Իվանիշվիլիի համաներդրումային հիմնադրամը վաճառել է «Մտկվարի ՀԷԿ»-ը
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած համաներդրումային հիմնադրամը վաճառել է «Մտկվարի ՀԷԿ»-ը։ Պայմանագրի կարևոր կետերը գաղտնի են: «Մտկվարի Հոլդինգ» ՍՊԸ-ի և «Հիդրոջենիուս» ԲԲԸ-ի միջև պայմանագիրը ստորագրվել է հուլիսի 16-ին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Հիդրոջենիուս» ԲԲԸ-ն հիմնադրվել է 2024 թվականի փետրվարին։ Ընկերության սեփականատերերն են «Լետերեն» ԲԲԸ-ն (Թինա Բարբաքաձե) և «Գրեվիթի Ինվեսթմենթս» ԲԲԸ-ն (Կոբա Չեկուրիշվիլի): Կոբա Չեկուրիշվիլին նաև «Հիդրոջենիուսի» տնօրենն է։
«Մտկվարի ՀԷԿ»-ը կառուցվում է Ախալցիխեի մունիցիպալիտետի Մտկվարի գետի վրա: Այս ՀԷԿ-ով համաներդրումային հիմնադրամը հետաքրքրվել է «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո, 2014 թվականին հիմնադրամը գնել է ՀԷԿ-ը և վերսկսել շինարարությունը։ Ներդրվել է 236 մլն դոլար։
Համաներդրումային հիմնադրամի կայքում հրապարակված տվյալների համաձայն, ՀԷԿ-ը տարեկան արտադրում է միջինը 259,8 մլն կՎտժ, ինչը կազմում է Վրաստանի էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման 1,8 տոկոսը։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարի։
ՀԷԿ-ի վաճառքի գնի, վճարման ժամկետների և կողմերի պարտավորությունների մասին տեղեկությունները հրապարակային չեն։ Որպեսզի այդ տեղեկատվությունը չհայտնվի հանրային ռեգիստրում, գնորդը և վաճառողը կնքել են «համապարփակ համաձայնության պայմանագիր» մինչև գույքի վերակազմավորումը։
2023 թվականի հուլիսին Իվանիշվիլիի փաստաբան Թեյմուրազ Ծիքվաձեն դատախազության կողմից համաներդրումային հիմնադրամի ղեկավար Գիորգի Բաչիաշվիլիին մեղադրանք առաջադրելուց հետո հայտարարել է, որ «Մտկվարի ՀԷԿ»-ի կառուցումն այն հարցն էր, որի պատճառով Իվանիշվիլին կասկածի տակ է դրել Բաչիաշվիլիի աշխատանքը։ Հետաքննությունը վերաբերում է Բաչիաշվիլիի կողմից 39 մլն 215 հազար 820 ԱՄՆ դոլար արժողությամբ կրիպտոարժույթի յուրացմանը։
Իվանիշվիլիի փաստաբան Ծիքվաձեն անցյալ տարի ասել էր, որ «Մտկվարի ՀԷԿ»-ի ներդրումային ծախսերը նախնական հաշվարկների համեմատ աճել են 100 մլն դոլարով և հասել 235 մլն դոլարի, ինչը, «հավանաբար՝ պայմանավորված է հիմնադրամի ղեկավարների կողմից ներդրումների համար նախատեսված միջոցների ոչ նպատակային ծախսերով, յուրացումներով»։
Բաչիաշվիլին ազատության մեջ է, դատարանը նրան պարտավորեցրել է կրիպտոարժույթի գործով որպես խափանման միջոց վճարել 2,5 մլն լարի։