Ռուսաստանի և Ղազախստանի ստեղծած բանկը Հայաստանին 2 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի
Ռուսաստանի և Ղազախստանի ստեղծած Եվրասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Կառավարությանը 2 միլիոն ԱՄՆ դոլարը հատկացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից։
Կառավարության հետ կնքած համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհն ուղղել ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համախմբման մեթոդաբանության և գործիքակազմի մշակման, ՀՀ առողջապահության նախարարության և նրան ենթակա ՊՈԱԿ-ների համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նպատակով համապատասխան ծրագրային ապահովումը մշակելու (ձեռք բերելու), ինչպես նաև այդ հաշվետվությունները պատրաստող մասնագետների համապարփակ ուսուցումը կազմակերպելու միջոցով։
Ըստ համաձայնագրի՝ դրամաշնորհի հատկացման նպատակը պետական միջոցների կառավարման արդյունավետության բարձրացումն է։
Հիշեցնենք, որ այս բանկը Հայաստանում ֆինանսավորում է մի շարք նախագծեր. դրանցից է, օրինակ, «Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի» շինարարության ֆինանսավորումը:
Այդ նպատակով Հայաստանին տրվել է վարկ՝ 150 մլն ԱՄՆ դոլարի չափով:
Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացման ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկը ևս տրվել է այս բանկի կողմից. գումարի չափը կազմում է 40 մլն ԱՄՆ դոլար։