Բաժիններ՝

«Օլիմպիականները. Փարիզ-2024». Իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Հայաստանի օլիմպիական հավաքականի մեծամասնությունը մասնակցում է իր երկրորդ օլիմպիական խաղերին: Հայկական թիմում ամենաշատ ներկայացուցիչներ կան հենակետային մարզաձևերից հենց ըմբշամարտից: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը մասնակցում է իր երկրորդ Խաղերին:  «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը Վազգեն Թևանյանն է:

Վազգեն Թևանյան

ազատ ոճային ըմբիշ (70 կգ)

24 տարեկան

Եվրոպայի առաջնության չեմպիոն

աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փարիզ-2024-ն երկրորդ Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրերը` օգոստոս 10-11

-Վազգեն, ինչպե՞ս եք նախապատրաստվում Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերին:

-Շատ լավ եմ տրամադրված Փարիզ-2024-ին: Մի շարք ուսումնամարզական հավաքներ ենք անցել` նախապատրաստվելով Օլիմպիական խաղերին: Մարզումային լավ փուլեր ենք անցել: Դրական տրամադրվածությամբ և մեծ հույսերով եմ մոտենում Փարիզ-2024-ին:

-Նախորդ խաղերից հետո ինքներդ ձեզ ապացուցելու բան ունե՞ք:

-Այո, իհարկե: Սպորտում ինքդ քեզ պետք է ապացուցես, որ ունակ ու կարող ես ավելին անել: Ամեն նվաճումից հետո առավել մեծ նվաճումների ձգտումներն են գալիս:

-Ի՞նչ տեղի ունեցավ Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

-Երեք տարի է անցել Տոկիոյի Օլիմպիական խաղերից, սակայն հետ նայելով, կարծես երեկ լիներ: Շատ արագ անցան այս տարիները: Բայց այս երեք տարվա ընթացքում շատ մեծ աշխատանք ենք կատարել թե ես, թե մարզիչներս: Լուրջ աշխատանք եմ կատարել ինքս ինձ հետ` ֆիզիկապես, տակտիկապես, հոգեպես ևս: Տոկիոյի խաղերին չկարողացա շուտ հարմարվել: Պարզապես դուրս մնացի այդ «մրցավազք»-ից:

-Իսկ հիմա հոգեբանորեն ա՞յլ մոտեցում ունեք:

-Այո, առավել հանգիստ եմ, փորձ ունեմ կուտակած Օլիմպիական խաղերից, գիտեմ, թե ինչ խաղեր են դրանք:

-Ձեր գոտեմարտերին հետևելով՝ ինձ համար մի քանի բան եմ առանձնացրել` հանգստություն, հավասարակշռություն: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում նման կերպ սառնասիրտ մնալ:

-Հենց գոտեմարտի մեկնարկից էլ փորձում եմ հանգստությունը պահպանել: Որքան էմոցիաները շատ լինեն, այդքան մեծ կլինի սխալվելու հավանականությունը, պահը ճիշտ չգնահատելը: Միայն հանգստության դեպքում ես կարողանում առավել շուտ վերլուծել իրավիճակը: Ահա այսքանը:

-Ո՞րն է ըմբշամարտի գեղեցկությունը, որը մենք` կողքից հետևողներս, չենք տեսնում:

-Ինձ համար ըմբշամարտն ինքնին գեղեցիկ է: Գեղեցկություն ունի ըմբիշի կյանքը, առօրյան: Գուցե կողքից մեր մարզումային ամենօրյա փուլերը բարդ են, բայց մեզ համար այն արդեն մեր մի մասն է դարձել: Հետաքրքիր է, որ մրցաշարերից հետո, երբ երկար ենք հանգստանում, մեզ համար անսովոր է: Մտքներումս միշտ կա` արագ վերադառնալ մարզումային գրաֆիկին:

-Եթե ոչ ըմբշամարտը, ապա ի՞նչը:

-Բռնցքամարտի նկատմամբ էլ փոքր տարիքից անտարբեր չեմ եղել: Եվ ցանկություն էլ կար ավելի շատ մարզվել բռնցքամարտով: Եթե ըմբշամարտը չէ, ապա բռնցքամարտն է:

-Եթե մեկ հնարավորություն ունենայիք գոտեմարտելու համաշխարհային սպորտի պատմության մի ըմբիշի հետ, ո՞ւմ կընտրեիք:

-Կարծում եմ չկա այդպիսի մեկը:

-Եվ Փարիզ-2024. ի՞նչ մտքով ու խորհրդով եք մոտենում այս խաղերին:

-Իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն: Ուզում եմ նվաճել այդ ոսկե մեդալը և մեկնում եմ հենց այդ տրամադրվածությամբ, առանց այլ մեդալի մասին մտածելու:

-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-…շատ մեծ փոփոխությունների սկիզբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս