Բաժիններ՝

ՄԻՊ-ն իրավահավասարության մասին օրենքի ընդունման անհրաժեշտություն է տեսնում

Իրավահավասարության և հակախտրականության ոլորտը շատ խնդրահարույց վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շնորհանդեսի ընթացքում։

«Մեկնարկող ծրագրի շրջանակներում ընտրված թիրախները մարդու իրավունքի պաշտպանության համակարգի հետ կապված շատ լուրջ են և ինձ շատ մեծ ուրախության տեղիք են տալիս, որովհետև թիրախավորված են այնպիսի հարցեր, որոնք այսօր առաջնահերթ են Հայաստանում։ Եվ առաջիններից մեկը իրավահավասարության և հակախտրականության ոլորտն է։ Բազմիցս եմ արձանագրել, որ Հայաստանում այս ոլորտը շատ խնդրահարույց վիճակում է։ Եվ միանշանակ է, որ այս ոլորտում լուրջ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն ունենք։ Անընդհատ եմ խոսել և նաև շահապաշտպանություն իրականացրել, որ մենք իրականում կարիք ունենք իրավահավասարության ոլորտը կանոնակարգող համապարփակ օրենսդրության»,- ընդգծեց Մանասյանը։

Նրա խոսքով՝ իրավահավասարության մասին օրենքի ընդունումը շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ այս ոլորտը ճիշտ ուղղությամբ կանոնակարգելու, կատարելագործելու և զարգացնելու համար։

«Հատուկ կուզենամ շեշտադրել, որ նաև որպես մարդու իրավունքների պաշտպան՝ անընդհատ եմ նշել թե՛ օրենքի ընդունման կարևորությունը, թե՛ օրենքի կիրարկման պատշաճ պրակտիկան և իրավահավասարության և հակախտրականության ոլորտի համապարփակ բարեփոխումները՝ սկսած կրթության բնագավառից և ավարտած տարատեսակ ոլորտներում այս բարեփոխումների իրականացմամբ»,- ասաց Մանասյանը։

Օմբուդսմենը նշեց, որ ներկայում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր թիրախներից է իրավահավասարության և հակախտրականության ոլորտը, որի ուղղությամբ իրականացվող բարեփոխումները տարբերվում են ՄԻՊ-ի նախորդ տարիներին իրականացված բարեփոխումներից։

«Սա արդյունք է մեր միջազգային գործընկերների, մասնավորապես ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների, ՄԻՊ հաստատությունները գնահատող համապատասխան հավատարմագրման ենթահանձնաժողովի, Եվրոպական միության հետ մեր համագործակցության»,- եզրափակեց Մանասյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս