Բաժիններ՝

«Վարկածը, թե թշնամու ձեռքի գործն է, բացառվում է». Ակների գյուղապետը՝ արոտավայրում մահացած բնակչի մասին

Սյունիքի մարզում Ակներ գյուղի բնակիչներից մեկինմահացած են հայտնաբերել գյուղի արոտավայրերից մեկում։ Արդեն կա պաշտոնական տեղեկությունը դեպքի մասին: Ըստ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության՝գյուղի արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին, գյուղացիները հայտնաբերել են Կ.Բ.-ի դին: Գյուղացու մահվան պատճառների մասին տեղեկություն չկա:

168.am-ի հետ զրույցում Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանն ասաց, որ շրջանառվող լուրերը, թե թշնամու ձեռքի գործն է, բացառվում է. հավանաբար առողջական խնդիր է ունեցել։

«Չեմ կարող հստակ ասել՝ ճնշման խնդի՞ր է եղել, թե՞ ինֆարկտ է տարել, բայց վարկածը, թե թշնամու ձեռքի գործն է, բացառվում է։

Գյուղում բնակիչները հերթով անասուններին արոտավայր են տանում, այդ օրն իր հերթն է եղել, անասուններին դաշտ է տարել, այդ ժամանակ էլ մահացել է»,-նշեց Սպարտակ Մինասյանը։

Գյուղապետի խոսքով՝ մահացած բնակիչն ամուսնացած էր, երեք երեխա ուներ՝ մեկ տղա, երկու աղջիկ, աշխատող ընտանիք են։

«Դե, վատ բան է եղել, մարդիկ տրամադրություն չունեն, նրանց տրամադրության վրա դեպքը շատ վատ է անդրադարձել։ 62 տարեկան էր, դա ի՞նչ տարիք է, որ մահանար»,-եզրափակեց Ակների գյուղապետը։

Տեսանյութեր

Լրահոս