ՆԱՏՕ-ի երկրները հայտարարել են Ուկրաինայի անվտանգության աջակցության առաքելություն ստեղծելու մասին
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը հայտարարել է Ուկրաինայի համար անվտանգության աջակցության և զինվորականների վերապատրաստման առաքելության (NSATU–NATO Security Assistance and Training for Ukraine) ստեղծման մասին։ Այս մասին ասվում է Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։
NSATU-ն կգործի ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում․ դրա նպատակն է աջակցությունն Ուկրաինայի ինքնապաշտպանությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։
«Միջազգային իրավունքին համապատասխան՝ NSATU-ի (ստեղծումը) ՆԱՏՕ-ն չի դարձնի հակամարտության կողմ», – ասվում է հռչակագրի տեքստում։
Առաքելությունը պետք է աջակցի Ուկրաինայի պաշտպանական և անվտանգության ուժերի վերափոխմանը՝ նպաստելով դրանց հետագա ինտեգրմանը ՆԱՏՕ-ին։
Բացի այդ, հայտարարության տեքստի համաձայն, ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները ողջունել են դաշինքի գլխավոր քարտուղարի որոշումը՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ավագ ներկայացուցչի նշանակման մասին։