ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն պատմական այս պահն օգտագործի․ Սամանթա Փաուեր
«Այստեղ եմ, քանի որ Հայաստանը հնարավորության պատուհան ունի՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են։ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստակամ է օգնել Հայաստանին առավելագույն օգուտ քաղել հնարավորության այս պատուհանից»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը՝ ամփոփելով իր այցը Հայաստանի Հանրապետություն։
Նրա խոսքով, Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակված հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները՝ ուղղված հաշտությանը։
«ԱՄՆ-ը կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որ Հայաստանը պատմական այս պահն օգտագործի»,- նշեց նա։
Ըստ նրա, ԱՄՆ-ը կփորձի անել հնարավորը՝ ՀՀ դիմակայունությունը տարբեր ոլորտներում բարձրացնելու համար։
Նա նշեց, որ վերջին տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն կրկնապատկել է աջակցությունը Հայաստանին: