Մեսրոպ Մաշտոցն առաջին հայ «հեղափոխականն է», որի արածի՝ հայ գրերի գյուտի շնորհիվ հասել ենք 21-րդ դար. «Մեր պատմությունը» նախագիծ
Միջնադարյան հայկական վերնախավը շատ լավ գիտակցում էր, թե ինչպիսի ծառայություն է մատուցել Մեսրոպ Մաշտոցը հայ ժողովրդին ու Հայաստանին: Որպես այդ գիտակցման և Մաշտոցի «հեղափոխական» քայլի արժևորման դրսևորում՝ Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասել է Մաշտոցին, իսկ իշխան Վահան Ամատունին նրա գերեզմանի հիմքի վրա 443թ.-ին Օշականում կառուցել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ միջնադարյան հայ պատմիչները և հեղինակները խոսում են աստվածային լույսի մասին, որը ճանապարհ ցույց տվեց դեպի այն վայրը, որտեղ սրբազան թափուրը պետք է գնար Էջմիածնից և հուղարկավորեր Մեսրոպ Մաշտոցին: Նրա կյանքի գլխավոր գործը՝ գրերի գյուտը, հայկական ինքնության անկյունաքարը դարձավ: Մաշտոցյան գրերով ստեղծված ազգային գիտելիքի շտեմարանը հայ ժողովրդին անցկացրեց դարերի միջով ու հայ պահեց:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի՝ պատահական չէ, որ Մեսրոպ Մաշտոցը դասվել է սրբերի շարքին, քանզի նրա արած գործը՝ հայ գրերի գյուտը, որոշիչ ու ճակատագրական նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կենսագործնեության համար: Մաշտոցի գրերի գյուտը, անգամ, պետականության բացակայության պայմաններում դարձավ հայության ազգապահպանության գլխավոր բանալին:
Մեսրոպ Մաշտոցի գործունեության և հայ գրերի գյուտի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում: