Եվրոպական շուկայում մնալու համար «Գազպրոմը» ստիպված է զեղչեր անել. «Ամերիկայի ձայն»

«Գազպրոմը» ստիպված է Եվրոպայում դեռ առկա իր գործընկերների հետ առևտուր անել զգալի զեղչով` փորձելով պահպանել հաճախորդներին. այս մասին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասված է Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPA) հրապարակված զեկույցում։

«[Ռուսական էներգետիկ մոնոպոլիստը] Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի հաճախորդներին առաջարկում է առնվազն 10% զեղչ՝ հույս ունենալով մայրցամաքը կրկին կապել իր էժան էներգետիկ առաքումներին այն բանից հետո, երբ 2022 թվականից եվրոպացիների կախվածությունը [ռուսական գազից] էապես նվազեց», – ասված է զեկույցում։

Ուկրաինա ռուսական ռազմուժի լայնածավալ ներխուժումից ի վեր Մոսկվան տարբեր պատրվակներով նվազեցրեց գազի մատակարարումները Եվրամիության երկրներ, չնայած իր համար չափազանց բարենպաստ գներին։ Փորձագետների կարծիքով, նպատակը՝ Կրեմլի հաշվարկն էր, թե կկարողանա քաղաքական զիջումներ կորզել արևմտյան երկրներից, սակայն Եվրոպան չտրվեց էներգետիկ շանտաժին և արագ գտավ գազի այլ մատակարարներ։

Այն եվրոպական երկրները, որոնք այսօր էլ շարունակում են գործ ունենալ «Գազպրոմի» հետ սակավաթիվ են՝ Ավստրիան է, Բուլղարիան, Հունգարիան, Սերբիան և Սլովակիան։

Կարդացեք նաև

Հայտնի է նաև, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, և Կիևը հայտարարել է, թե մտադիր չէ երկարաձգել փաստաթուղթը։

Մյուս կողմից՝ Եվրամիությունում վճռական են մինչև 2027 թվականն ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի գնումը:

Անցած տարին՝ նախորդած քառորդ դարի ընթացքում առաջին անգամ, «Գազպրոմը» վնասով փակեց, իսկ մինուսի չափը՝ 629 միլիարդ ռուբլի կամ այդ ժամանակվա փոխարժեքով ավելի քան 7.1 միլիարդ դոլար էր, ինչը ռեկորդային է գազային մոնոպոլիստի երեսնամյա պատմության ընթացքում։

Նավթագազային ոլորտի վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինի խոսքով, Եվրոպայում նման զեղչերի գնալը պարտադրված քայլ է «Գազպրոմի» համար, որը փորձում է ելքեր գտնել դժվարին վիճակից։

«Իհարկե, [նման քայլը] թելադրված է շուկայի գոնե մնացած մասը պահելու ցանկությամբ։ Ընկերությունը չի ցանկանում հաշտվել այն փաստի հետ, որ գնացքը վաղուց մեկնել է։ Այժմ մայրցամաքի միայն հինգ երկրներ են ստանում ռուսական բնական գազ, և «Գազպրոմը» չի կարող հույսեր տածել [Եվրոպայում] իր շուկան ընդլայնելու առումով»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Կրուտիխինը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, «Գազպրոմի» եվրոպական արտահանումը անցած տարի՝ 2021 թվականի համեմատ կրճատվել է 80%-ով։ Ռուսական բնական գազի մատակարարումները նվազել են՝ հասնելով տարեկան մոտ 28 միլիարդ խորանարդ մետրի, ինչը հավասար է 1970-ականների երկրորդ կեսի մակարդակին։

Ըստ Կրուտիխինի, «Գազպրոմի» համար իրավիճակը կարող է վատթարանալ՝ մի քանի պատճառով. «Ուկրաինան կարող է դադարեցնել գազի տարանցումը [այս] դեկտեմբերին, քանզի պատերազմը շարունակվում է, և Կիևը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել ռուսական ընկերության հետ։ Բացի այդ, «Գազպրոմի» հետ շատ դժվար է գործ ունենալ, որովհետև ընկերությունը ծանր բանակցող է և, սովորաբար, խախտում է իր պայմանագրային պարտավորությունները։ Օրինակ, մի շարք եվրոպական ընկերություններ՝ Լեհաստանից և Բուլղարիայից, համաձայն միջազգային արբիտրաժի որոշման, «Գազպրոմից» պետք է փոխհատուցում ստանան՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար, ինչի հետևանքով դատարանը կարող է բռնագանձել Եվրոպայում «Գազպրոմի» վաստակած եկամուտը, որի արդյունքում էլ այն ընդհանրապես չի կարողանա գումար ստանալ Եվրոպայից»։

Վերլուծաբանը շարունակեց, թե մյուս կողմից Չինաստանն նպատակ չունի Կրեմլի համար դառնալ այն շուկան, որը կկարողանա փոխարինել եվրոպականին․ «Պեկինը չի պատրաստվում գազ ստանալ Ռուսաստանից «Սիբիր-2» գազատարի միջոցով, որի ուղղությամբ Պուտինը ինտենսիվ լոբբինգ էր անում»։

Կրուտիխինը «անհաջող» բնութագրեց Մոսկվայի քայլերը գազի եվրոպական շուկան փոխարինել այլ երկրների, մասնավորապես, ասաիական պետությունների շուկայով։

Իր հերթին՝ տնտեսական վերլուծաբան Սեմյոն Նովոպրուդսկին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հիշեցրել է, թե Եվրոպան հրաժարվել է Ռուսաստանի հետ գազային երկարաժամկետ պայմանագրեր կնքելուց․ «Չինաստանը, որի վրա հույս է դրել Կրեմլը, չի կարողանա փոխարինել եվրոպական ուղղությունը և չի անի այդ։ Պեկինը մտադիր չէ Ռուսաստանից տարեկան գնել 30 միլիարդ խորանարդ մետրից ավելի բնական գազ, մինչդեռ Եվրամիությունը 2021 թվականին գնել էր մոտ 180 միլիարդ խորանարդ մետր»։

Վերլուծաբանի ներկայացմամբ, պակաս ուշագրավ հարց չէ, թե արդյոք Եվրոպան կհրաժարվի ռուսական գազից, եթե Կրեմլի սանձազերծած պատերազմն Ուկրաինայի դեմ սառեցվի․ «Առ այսօր պարզ չէ, թե արդյոք 2025 թվականին դադարեցվելու է Ուկրաինայի տարածքով [ռուսական] գազի տարանցումը Եվրոպա»։

Նովոպրուդսկու կարծիքով, այժմ «Գազպրոմի» համար հիամնական հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ընկերությունը կկորցնի իր ողջ եվրոպական շուկան, եթե պատերազմը Ուկրաինայի դեմ շարունակվի։

Տեսանյութեր

Լրահոս