Աբխազիան իր բողոքն է հայտնել Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ

Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ։

«Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է Աբխազիայի Հանրապետության 1994 թվականի Սահմանադրությամբ և հաստատված է 1999 թվականի Աբխազիայի Հանրապետության պետական անկախության մասին ակտով, որն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։ Հայկական կողմին կոչ ենք անում չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին ծեծված արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»,- նշված է մեկնաբանությունում։

Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ «Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի և կփոփոխի իր դիրքորոշումն այս հարցում»։

Նշենք, որ հուլիսի 3-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսի էր այցելել։ Վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլին շնորհակալություն էր հայտնել Միրզոյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի մասին» բանաձևին կողմ քվեարկելու համար։ Երկու կողմերը հայտարարել էին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Տեսանյութեր

Լրահոս