Բաժիններ՝

«Օլիմպիականները. Փարիզ-2024». նպատակս Օլիմպիական խաղերի ոսկին է. Մալխաս Ամոյան

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանից ամենաշատ մասնակիցներ կլինեն ըմբշամարտում: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երիտասարդ ներկայացուցիչների շարքում տպավորիչ արդյունքների հասել է Մալխաս Ամոյանը: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը Մալխաս Ամոյանն է:

Մալխաս Ամոյանը

Հունահռոմեական ոճի ըմբիշ (77 կգ)

25 տարեկան

Աշխարհի առաջնության չեմպիոն և կրկնակի բրոնզե մեդալակիր

Եվրոպայի առաջնության եռակի ոսկե և մեկ արծաթե մեդալակիր

Փարիզ-2024-ն առաջին Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրերը` օգոստոսի 6-7

Մալխաս, Փարիզ-2024-ը ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ խորհուրդ ունեն այս Խաղերը ձեզ համար և ի՞նչ խնդրով եք մոտենում այս կարևոր իրադարձությանը:

-Շաբաթներ է, ինչ լիարժեք նախապատրաստական փուլ ենք անցնում: Սրանք իմ առաջին Օլիմպիական խաղերն են: Դեպի Փարիզ տանող ճանապարհին ամեն ինչ անում եմ, որպեսզի կարողանամ նպատակս ի կատար ածել` Օլիմպիական խաղերից վերադառնալ ոսկե մեդալով: Իսկ թե ինչ կլինի այդ օրը, ցույց կտա գորգը:

Ո՞րն է ձեր մոտիվացիան այս ճանապարհին:

-Ինձ միշտ էլ մոտիվացրել է իմ հավատն առ Աստված: Այն նաև նույն հավատն է ինքս իմ նկատմամբ: Սակայն մոտիվացիան ոչինչ է, եթե չլինի կարգապահությունը, քրտնաջան աշխատանքը: Այս ամենի միասնականությունը կբերի ցանկալի արդյունքի:

Նախորդ խաղերին ականատես եղանք մեր մարզիկների` սպորտային լեզվով ասած «վառվելուն»: Արդյո՞ք գիտակցել եք, որ դուք էլ նմանատիպ բարդ ճանապարհ ունեք անցնելու:

-Այդ ճանապարհով անցել են ոչ միայն ընկերներս, այլ նաև հորեղբայրս: Տեսել եմ, թե ինչ կարող է պատահել մարզիկի հետ: Բայց մեր թիմում ունենք նաև լեգենդար Արթուր Ալեքսանյան, նա հսկայական փորձ ունի, մեծ ճանապարհ ունի անցած: Միշտ էլ քննարկել ենք միասին ու միշտ ստացել եմ միանման պատասխան, որ Օլիմպիական խաղերին պետք է մոտենալ այնպես, ինչպես, օրինակ` աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը: Ես էլ իմ հերթին փորձում եմ հոգեպես պատրաստ լինել:

Ձեր քաշային կարգը (77կգ) դիտարժան քաշերից է: Ինչպիսի՞ մրցակցություն եք ակնկալում:

-Մեր քաշային կարգում մասնակցող բոլոր մարզիկներին ոչ թերագնահատում, ոչ էլ գերագնահատում եմ: Այս քաշային կարգում մասնակիցները 16-ն են, բոլորս հավասար ենք:

Ինքներդ ձեզ ապացուցել բան ունե՞ք:

-Կարծում եմ` ինքս ինձ ապացուցելու բան ունեմ: Ինքս եմ սահմանել իմ նպատակն ու իմ առաջին մրցակիցը ես եմ:Նախ պետք է ինքս ինձ հաղթեմ, հետո նոր՝ մյուսներին:

Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-… առանձնահատուկ:

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս