Նիկոլ Փաշինյանը Եվրոպայից հերթական քարտ-բլանշն է ստացել. նպատակը պարզ է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 6-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցը:
Ընդհանուր առմամբ եվրոպական քաղաքականացված այս հերթական կառույցի հերթական «для галочки» զեկույցից առանձնապես օբյեկտիվության սպասելիքներ չկային, և պատահական չէ, որ նրանում բացակայում է, օրինակ, հանիրավի մեկ տարուց ավելի կալանավորված քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի քեյսը:
Հիմնականում copy-paste սկզբունքով գրված այս զեկույցը շատ չի տարբերվում նախորդ զեկույցից, բայց ամեն դեպքում, մասնավորապես, դատական համակարգի վերաբերյալ որոշակի շեշտադրումներին ուշադրություն դարձնել արժե:
Ի դեպ, նշենք, որ այս զեկույցը պատրաստած 3 համազեկուցողներից և ոչ մեկը մասնագիտությամբ իրավաբան չէ:
Բայցևայնպես, անդրադառնալով անկախ մարմիններում պաշտոններ զբաղեցնելու հարցին, ԵԽԽՎ զեկույցում արձանագրված է, որ այդ պաշտոնները հիմնականում համալրվում են ոչ վաղ անցյալում քաղաքական իշխանության ներկայացուցիչներով: Բերված են օրինակներ՝ ՔՊ-ական պատգամավոր, այժմ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Դավթյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ դարձած նախկին ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյան, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի աթոռը զբաղեցնող արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյան: ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ սրանք ըստ էության քաղաքական նշանակումներ են, առանց ընդդիմության ներգրավվածության կատարված «ընտրություն»:
ԵԽԽՎ-ն նաև արձանագրել է, որ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահությունը քիչ է:
«Համատարած կոռուպցիան, ցածր պրոֆեսիոնալիզմը և քաղաքականացվածությունը ամենաշատ կրկնվող քննադատություններն են»,- նշված է ԵԽԽՎ զեկույցում:
Զեկույցում նաև ամրագրված է մի փաստ, որը ամենևին այս իշխանության և հատկապես ԵԽԽՎ-ի համար հպարտության առիթ չպիտի հանդիսանա: Խոսելով դատական իշխանության անկախության մասին՝ նշվում է, որ դրան ուղղված քայլերից է դատավորների աշխատավարձերի բարձրացումը 2024թ.: Ավելին, նշվում է, որ 2018թ. բարձրացել են քննիչների և դատախազների աշխատավարձերը, իսկ միայն 2024թ.-ին՝ դատավորներինը. մինչդեռ պետք է հակառակը լիներ: Որևէ երկրում դատաիրավական ոլորտի բարեփոխումները չեն սկսվում դատախազների ու քննիչների աշխատավարձերի բարձրացումից և ավարտվում դատավորների աշխատավարձերի բարձրացմամբ: Արդար դատական համակարգի վերաբերյալ ճոռոմ խոսքեր շռայլող Փաշինյանի կառավարությունը դատավորների աշխատավարձերը սոսկ հավասարեցրել է դատախազների ու քննիչների աշխատավարձերին և այն էլ 6 տարի անց՝ միայն մի պարզ պատճառով՝ գործ «սարքողներն ու կարողները» քննիչներն ու դատախազներն են, իսկ նրանք Նիկոլ Փաշինյանին 2018թ. օդուջրի պես էին և են պետք:
ԵԽԽՎ զեկույցում, ի դեպ, խրախուսվում է «հակակոռուպցիոն» դատարանների ստեղծումը: Ճիշտ նույն կերպ 2022թ. զեկույցում ԵԽԽՎ-ն խրախուսում էր մինչդատական վարույթի օրինականությունն ապահովող դատարանների կամ, ինչպես ընդունված է ասել, «կալանք տվող» դատարանների ստեղծումը, որը ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի «փայլուն մտահղացումն էր»: Որտե՞ղ է հիմա այդ դատարանը… Ճիշտ է, չկա՛… ԵԽԽՎ հավանությանն արժանացած դատարանը լուծարվել է, այլևս գոյություն չունի աննպատակահարմարության ու անարդյունավետության պատճառով: Իսկ թե որքա՞ն գումար ապարդյուն մսխվեց այդ ընթացքում, ԵԽԽՎ-ում, թերևս, ավելի լավ կհաշվեն, եթե իրենց պետք լինի… Դեռ պետք չէ… Դեռ հանձնելու բաներ կան:
Անդրադառնալով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների խնդրին՝ ԵԽԽՎ-ն նշել է, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է, բայց փաստվում է՝ արդարադատության նախարարին ընդդիմությունը մեղադրում է դատավորներին վախեցնելու համար կարգապահական վարույթը նրանց լռեցնելու նպատակով օգտագործելու կամ նրանց կայացրած որոշումների վրա ազդելու մեջ:
Որպես բարեփոխում՝ ԵԽԽՎ զեկույցում խոսվում է կարգապահական որոշումների բողոքարկման կարգի ներդրման մասին, թեպետ մի քիչ բարդ է հասկանալ, ի՞նչը և ինչո՞ւ պիտի բողոքարկեն դատավորները, եթե նոր վարույթը քննելու է ԲԴԽ նույն կազմը:
Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթներ հարուցելու խնդրահարույց լինելուն, ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին բավականին հաջող «նվեր է» մատուցում մանևրի համար՝ նշելով, որ ճիշտ է, արդարադատության նախարարի՝ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը պիտի հասցվի մինիմումի, բայց դե գիտեք, քանի որ դատավորների էթիկայի կարգապահական հանձնաժողովը, գործընկերային սոլիդարությունից ելնելով, քիչ է վարույթ հարուցում, ստիպված պետք է դեռ դիմանաք. Արդարադատության նախարարը շարունակելու է վարույթներով հնձել դատավորներին: Ավելին, Վենետիկի հանձնաժողովը համարել է, որ արդարադատության նախարարը պայքարում է դատական կորպորատիվիզմի դեմ: Այնուհետև խոսվում է արդարադատության նախարարի՝ դատավորների դեմ նոր նախագծի մասին, ըստ որի՝ արդարադատության նախարարը վարույթ չի հարուցի, բայց փոխարենը՝ կընդլայնվի էթիկայի հանձնաժողովի կազմը: Ու եթե հաշվի առնենք, թե ումով այն կընդլայնվի, «քաղհասարակությունից» ովքեր կընդգրկվեն այդ հանձնաժողովի կազմում, արդեն իսկ պարզ կդառնա, որ թերևս ավելի լավ կլինի՝ նախարարը վարույթ հարուցի, քան ընդլայնված կազմով էթիկայի հանձնաժողովը:
Վենետիկի հանձնաժողովն, ի դեպ, նաև այս մտահղացումն է դրական գնահատել:
Այնուամենայնիվ, ԵԽԽՎ զեկույցում հստակ ասվում է, որ պետք է սահմանափակվի բոլորովին վերջերս քաղաքական պաշտոն զբաղեցրած անձանց՝ ԲԴԽ անդամ դառնալու հնարավորությունը, և պետք է գործեն ժամկետային սահմանափակումներ:
«Ընդհանուր առմամբ Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունը շատ դրական են գնահատել առաջարկվող բարեփոխումները, և պետք է ևս մեկ անգամ գովաբանել Հայաստանի իշխանություններին եվրոպական չափանիշներին համապատասխան և Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության վրա հենված դատական համակարգ ունենալուն միտված բարեփոխումների իրական հանձնառության համար»,- դատական անկախությանը վերաբերող հատվածը ԵԽԽՎ զեկույցում ավարտվում է այս դիֆերամբով։
Դժվար չէ հասկանալ՝ ինչու են Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն ու իշխանամերձ մյուս լրատվամիջոցներն ինքամոռաց տարածում ԵԽԽՎ զեկույցի առանձին հատվածներ: Մենք սոսկ արձանագրել ենք… Պատմության համար: