Զրպարտության ապաքրեականացումը լրագրողներին չի պաշտպանում հրապարակային դատական հայցերից. ԵԽԽՎ զեկույցում անդրադարձ է կատարվել «Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ 168.am-ի և Դավիթ Սարգսյանի» քեյսին

Հունիսի 6-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցը:

Զեկույցում, ի թիվս այլ խնդիրների, որոնց առաջիկայում կանդրադառնանք, ԵԽԽՎ համազեկուցողներն ուշադրություն են հրավիրել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից 168.am-ին և լրագրողին դատի տալու, կայքի ու լրագրողների հաշիվների վրա դրված ահռելի, 9-ական միլիոն դրամի չափով կալանքներին:

«Այնուամենայնիվ, զրպարտության ապաքրեականացումը չի պաշտպանում լրագրողներին հրապարակային դատական հայցերից: Այսպես՝ 2023 թվականի մայիսի 2-ին Երևանի քաղաքացիական դատարանը որոշեց 9 միլիոն դրամի (21 890 եվրո) չափով սառեցնել լրագրող Դավիթ Սարգսյանի և նրա գործատու «168 ժամ»-ի հաշիվներն ու գույքը: Սառեցումը պայմանավորված էր 2023թ. մարտի 31-ին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից զրպարտության վերաբերյալ քաղաքացիական հայցով»,- ասված է ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցի մեջ:

Այնուհետև նշվում են քաղաքացիական հայցի պատճառները՝ 2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում հրապարակված, Դավիթ Սարգսյանի կողմից պատրաստված տեսանյութը, որում վերջինս անդրադարձ էր կատարել Տիգրան Ավինյանի ենթադրյալ կոռուպցիոն գործարքներին:

Կարդացեք նաև

Ի պատասխան Տիգրան Ավինյանի հայցադիմումի՝ Դավիթ Սարգսյանը գրել էր, որ տեսանյութը պատրաստելիս հիմնվել է նախկինում հրապարակված նյութերի վրա, որոնք Ավինյանն այն ժամանակ չէր հերքել:

«Հայցի նպատակն «ինձ զգալի ֆինանսական վնաս պատճառելն ու այդպիսով ինձ լռեցնելն էր»,- ասել էր նա:

Զեկույցում անդրադարձ կա նաև այն հանգամանքին, որ մայիսի 18-ին լրագրողի հաշիվների ու գույքի վրա դրված կալանքը վերացվել է հայցվոր Տիգրան Ավինյանի խնդրանքով: Վերջինս նշել է, որ ինքը «մտադրություն չի ունեցել սնանկացնելու որևէ լրատվամիջոցի կամ պատճառել նրան ֆինանսական անհարմարություններ»:

Ուշագրավ է, որ հատկապես վերջին 6 տարիներին մասնավորապես Հայաստանի իշխանությունների նկատմամբ լոյալ միջազգային կառույցներից հերթականի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցում այս աղմկահարույց թեման տեղ է գտել: Գաղտնիք չէ, որ այս իշխանություններին Եվրոպային և ընդհանուր առմամբ հավաքական Արևմուտքին մատուցած ծառայությունների համար ներվում է ամեն ինչ, այդ թվում՝ երկրում քաղբանտարկյալների աննախադեպ քանակի առկայությունը: Վկան՝ քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործի մասին հիշատակության բացակայությունը ԵԽԽՎ զեկույցում:

Տեսանյութեր

Լրահոս