Գերմանիայում ասացի՝ հանրաքվե ենք ուզում անել ԵՄ-ին միանալու հարցով, ծիծաղեցին. Խաչիկյան

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության հերթական ալիքը բարձրացավ, երբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը վերցրել է Հայաստանից և վերադարձրել Ադրբեջանին։

Գրիգորյանին Ռուսաստանից պատասխանեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նախ շեշտելով՝ կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթություն ունենալու, ապա շարունակեց.

«Լինելով իշխանության ներկայացուցիչներ՝ նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիներն իրենց արյամբ պաշտպանել են իրենց տարածքը։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է այս թեզերի վրա, նրանք գիտեին, թե ինչի համար են մարտի գնում, ինչի համար էին իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։ Ինչպե՞ս կարելի է այդքան ցինիկ կերպով դավաճանել նրանց հիշատակը, զրոյացնել այն, ինչը նախկինում և, կարծում եմ, հիմա էլ Հայաստանում սխրանք է կոչվում»։

Կարդացեք նաև

Գրիգորյանը մեղադրվեց ստախոսության մեջ մեկ այլ ռուս պաշտոնյայի կողմից։

«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է»,- ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը, խոսելով հայ և ռուս պաշտոնյաների հայտարարությունների նման որակի մասին, նշեց՝ այսկերպ ուրախացնում են Թուրքիային և Ադրբեջանին։

Ըստ Խաչիկյանի՝ դիվանագիտության մեջ պետք է բացառել հայտարարությունների նման որակը, ինչը պարզապես վատթարացնում է հայ-ռուսական հարաբերությունները։

 «Հարց՝ այդ ո՞վ էր, որ Պրահայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, կամ այդ ո՞վ էր ասել, թե Արցախը միշտ էլ Ադրբեջանի մաս է, պարզապես պետք էր 5000-ին զոհել, որ դա հասկանան, կամ այդ ո՞վ էր, որ Արցախի հայաթափման ժամանակ հայտարարեց՝ Հայաստանում խաղաղ է, այստեղ ապրողներին չի վերաբերում։ Ինչպե՞ս է հնարավոր՝ Հայաստանի ղեկավարը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս գա, բայց Ռուսաստանից պահանջի, որ պայքարի Արցախի համար»,- ասաց Խաչիկյանը։

Արցախը Հայաստանի իշխանության կողմից Ադրեջանին հանձնելու համատեքստում Արթուր Խաչիկյանը հիշեցրեց՝ դրա անհրաժեշտության մասին ԱՄՆ-ը միշտ խոսել և ասել է, որ Արցախի չլինելու պարագայում Հայաստանում կվերանա ռուսական ազդեցությունը, ինչն ԱՄՆ-ի համար ռազմավարական նպատակ է։

«Հայաստանը խանգարում է Թուրքիային, Ադրբեջանին և Իսրայելին. եթե այդ երկրներն ունենային արդար վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, նրանք գոնե կխոսեին արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին, կվարվեին գոնե այնպես, ինչպես վարվեցին Կոսովոյում, բայց ոչ, չեն անում»,- ասաց Խաչիկյանը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին, Խաչիկյանը նշեց՝ դա առաջարկողները վարձատրվող դերասաններ են, որոնք որևէ աղերս չունեն լուրջ քաղաքականության հետ։

«Գերմանիայում ասացի՝ հանրաքվե ենք ուզում անել ԵՄ-ին միանալու համար, սկսեցին ծիծաղել։ Նման հարցերն այդ տարբերակով չեն լուծվում։ Թող բացատրեն, թե Եվրոպայի շուկային ի՞նչ են առաջարկելու, ինչպե՞ս են մրցելու Եվրոպային արտադրանք առաջարկող Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ հզոր պետությունների հետ։ Ո՞վ է ձեզ զոհաբերելու իր տեղը, կամ հարցնո՞ւմ եք արդյոք, թե Եվրոպայում աշխատելու իրավունք ձեզ ով է տալու, չէ՞ որ մարդիկ տարիներով սպասում են աշխատելու իրավունք ստանալուն։ Հիմա Ֆրանսիայում եմ, որը սուր ճգնաժամի մեջ է ներգաղթյալների պատճառով։ Այնպես որ, նորից եմ հարցնում՝ ո՞վ է ձեզ սպասում Եվրոպայում, ինչո՞ւ եք հեքիաթներ պատմում»,- ասաց Խաչիկյանը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս