Արցախում բենզինի պայթունից տուժած մեկ պացիենտ շարունակում է բուժում ստանալ արտերկրում, մյուսներն անցնում են վերականգնողական կուրսեր

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորում ստացած և Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների մի մասը որոշ ժամանակ անց բուժումը շարունակեց ստանալ արտերկրում, մի մասը՝ Հայաստանում։

Երևանի տարբեր բժշկական կենտրոններում բուժվելուց հետո, բոլորն այս պահին դուրս են գրվել, սակայն ակտիվ մասնակցում են վերականգնողական կուրսերի։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի խոսքով՝ այս պահին արտերկրում մեկ հոգի է բուժում ստանում, բոլորի բուժօգնությունը տեղի է ունենում պետական պատվերի շրջանակներում։

Ինչ վերաբերում է վերականգնողական աշխատանքներին, ապա պացիենտները տոներից հետո էլ շարունակում են ակտիվ մասնակցել այդ աշխատանքներին։

Կարդացեք նաև

Բացի վերականգնողական աշխատանքներից, տեղի է ունենում նաև վիրահատություններ, օրինակ, մարդու արտաքին տեսքը վերականգնելու, սպին վերացնելու կամ մատներն իրարից անջատելու համար։

«Ֆիզիոթերապևտիկ միջամտություններով ակտիվ աշխատանքներ տարվում են, օրինակ, վերականգնվում է ձեռքի մկանների աշխատանքը՝ մատները ծալել, ձեռքը ծալել, փակել, պայմանավորված, թե խնդիրը որն է։ Վերականգնողական, ֆիզիոթերապևտիկ բուժումը շատ երկար ժամանակ է պահանջելու, ձեռքով ինչ որ բան բռնել, մատներ շարժել և այլն։ Շարունակվում են նաև վիրահատությունները, երեք շաբաթը մեկ՝ մեկ կամ երկու հոգու վիրահատություն հաստատ տեղի է ունենում»,- 168.am-ին փոխանցեց Մարիամ Ծատրյանը։

Նշենք, որ պայթյունի հետևանքով վիրավորում ստանցած անձանցից շատերը Հայաստան տեղափոխվելուց հետո օրեր անց մահացել էին՝ նրանց ստացած վերքերը շատ խորն էին եղել։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, 9 ամիս Արցախը տոտալ շրջափակման մեջ պահելուց հետո, Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի նկատմամբ, սպանվեցին, խոշտանգվեցին և գերեվարվեցին խաղաղ բնակիչներ։ Էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգի տակ արցախահայությունը պարտադրված լքեց իր հայրենիքը՝ Արցախը։

Պատերազմից օրեր անց՝ սեպտեմբերի 25-ին, Ասկերանում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի այրվածքներ, այդ տարածքում գտնվող բազմաթիվ մարդկանց ճակատագիրը մինչև այս պահն անհայտ է, եղան նաև բազմաթիվ մահվան դեպքեր հենց տեղում։

Տեսանյութեր

Լրահոս