Դեպի ԵՄ հանրաքվեի անցկացման նպատակը 102-րդ ռազմաբազայի դուրսբերումն է. Խոսրով Հարությունյան
2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանին խոստացան 5 տարվա ընթացքում հատկացնել ընդամենը 270 միլիոն եվրո այն պարագայում, երբ նախորդ իշխանության կողմից կնքված CEPA-ով Հայաստանին այդ նույն Եվրամիությունը պարտավորվել էր հատկացնել 5 միլիարդ դոլար։ Հետևաբար, եթե փորձենք բարձրացնել՝ ԵՏՄ, թե՞ ԵՄ հարցադրումը, ապա ես պետք է ընդգծեմ, որ այդ հարցադրումն արհեստածին է, չի բխում Հայաստանի շահերից. այդ ընտրությունը քաղաքական է և ոչ հիմնավոր։
Այսօր կազմակերպված «Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով.
«Պետք է դիտարկել ԵՄ-ի հետ համագործակցությունը, ոչ թե ընտրությունը՝ ԵՄ-ի կամ ԵՏՄ-ի միջև. չի՛ կարելի մեզ դնել նման արհեստածին խնդրի առաջ»։
ՀՀ նախկին վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանն այսօր պատրաստ չէ Եվրամիություն գնալուն։
«Կամ՝ ի՞նչ է նշանակում դեպի ԵՄ հարցով հանրաքվեի անցկացման առաջարկը։ Լա՛վ, ենթադրենք, թե ԵՄ-ում մեզ սպասում են, բայց չէ՞ որ անդամակցության ձգտող պետությունը պարտավոր է բազմաթիվ պահանջների բավարարել արդարադատության ոլորտից մինչև այլ, ինչը մենք մեր երկրում չենք տեսնում։
Կամ, ենթադրենք, թե հանրաքվե են անում և ստանում են «Այո» պատասխանը, ինչից հետո Եվրամիությունն ասի, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան հանեք, նոր կխոսենք, ի՞նչ եք անելու։ Հետևապես, այս հանրաքվեի նպատակը Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելն է»,- ասաց Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։