75 միլիոն եվրո վարկ են վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար
Հայաստանի Կառավարությունը հերթական վարկային համաձայնագիրն է հաստատել՝ այս անգամ վարկ վերցնելով Զարգացման ֆրանսիական գործակալությունից։ Կողմերի միջև կնքված համաձայնագրով Զարգացման Ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո վարկ կհատկացնի ՀՀ կառավարությանը՝ որպես բյուջետային աջակցություն։
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար՝ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Վարկի ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականությունը, ըստ որի՝ վարկը տրամադրվում է հետևյալ ծրագրերի համար.
1/ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում,
2/ պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում,
3/ ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում:
Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը ծրագիրն իրականացնում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, և, հետևաբար, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է Ասիական զարգացման բանկի հետ ստորագրվելիք վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ: