Տիգրան Մկրտչյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է Հայաստանի անվտանգության միջավայրը

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած գրառումից, ՀՀ դեսպանը խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի անվտանգության միջավայրը՝ անդրադառնալով, մասնավորապես. Ադրբեջանի հետ սահմանազատման, ինչպես նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացներին, ներկայացրել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի խորացնելու երկկողմ ջանքերը և Կիպրոսի շարունակական աջակցությունն այս հարցում:

ՀՀ դեսպանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունն այդ ուղղությամբ աշխատանքների համատեքստում և շնորհակալություն է հայտնել պատգամավորներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։

«Ֆեյսբուք»-ի մեկ այլ հրապարակման մեջ է նշվում է, որ Տիգրան Մկրտչյանը Նիկոսիայի համալսարանի եվրոպական և միջազգային հարաբերությունների կիպրական կենտրոնում հանդես է եկել «Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ: Հանդիպումը նախագահում էր Նիկոսիայի համալսարանի քաղաքագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան և կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անդրեաս Թեոֆանուսը։ Դասախոսությանը ներկա էին Կիպրոսում հավատարմագրված դիվանագետներ, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, գիտահետազոտական կենտրոնի վերլուծաբաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել Հվ․ Կովկասի տարածաշրջանի պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին և առկա խնդիրներին, շահերի բախումներին և համագործակցության հնարավորություններին:

Դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ խորացող համագործակցության մասին, ներկայացվել է ԵՄ-ի հետ հարաբերություններում գրանցվող առաջընթացը։ Խոսել է նաև Կիպրոսի հետ երկկողմ բարեկամական կապերի կարևորության մասին։

Դասախոսությանը հետևել են ունկնդիրների հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես անվտանգության, այնպես էլ ապագային միտված քաղաքականության հիմնախնդիրներին:

Տեսանյութեր

Լրահոս